Ինչպես ավելի վաղ հայտնել էր Armlur.am-ը, հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքի կասկածյալ Վալերի Պերմյակովը ձերբակալված է: Կասկածյալի ձերբակալության հետ կապված՝ ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը քիչ առաջ Շիրակի մարզային ոստիկանական վարչությունում հանդես եկավ հայտարարությամբ:
«Այժմ քննարկվում են հենց այդ հարցերը, թե ինչպես պետք է իրականացվեն դատավարական գործընթացները»:
Հունան Պողոսյանն ընդգծեց, որ այս դեպքում գործը բարդանում է, քանի որ Վալերի Պերմյակովի դեմ 2 քրեական գործ է հարուցվել, առաջինը ռուսական կողմից՝ զորամասը լքելու համար, երկրորդը մեր կողմից՝ դաժան սպանություն իրականացնելու մեղադրանքով:
Իսկ թե որ կողմը կիրականացնի գործի վարույթը, Հ. Պողոսյանը դժվարացավ պատասխանել, միայն ասաց, որ հայկական կողմը շահագռգիռ է, որ գործը քննվի մեզ մոտ և օրվա վերջին երկու կողմերի դատախազների զրույցից հետո կորոշվի գործի հետագա քննության ընթացքը:
Անդրադառնալով Վալերի Պերմյակովի հոգեկան խնդիրներին՝ ոստիկանապետի առաջին տեղակալն ասաց, որ բժշկական փորձաքննությունից հետո կորոշվի՝ ունի առողջական խնդիրներ, թե՝ ոչ:
Ավելացնենք, որ մեղադրյալն այս պահին գտնվում է Գյումրիում տեղակայված ռուսական բազայում:
Արևիկ Հակոբյան
Գյումրի