Ռուսաստանում հայերի և ռուսների աշխատանքային իրավունքները հավասարեցվել են. ՌԴ կառավարություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 2-ից Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ դարձած Հայաստանի քաղաքացիներն այժմ Ռուսաստանում աշխատելու իրավունքով փաստացիորեն հավասարվել են ռուսներին. այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել են ՌԴ կառավարությունից:

«Բացի 30 օրվա ընթացքում միգրացիոն հաշվառում անցնելու պարտավորությունից ազատելուց՝ Հայաստանի քաղաքացիները փաստացիորեն հավասարվել են Ռուսաստանի քաղաքացիներին: Այսպես՝ գործատուներն իրավունք ունեն աշխատանքի ընդունել ՀՀ քաղաքացիներին առանց ազգային աշխատանքային շուկան պաշտպանելու սահմանափակումները հաշվի առնելու»,- նշել են Ռուսաստանի կառավարությունից: Ընդ որում, Հայաստանից աշխատանքային ներգաղթյալներից չի պահանջվում Ռուսաստանում աշխատանքային գործունեություն ծավալելու թույլտվություն:

Ռուսաստանում նաև վավերական են Հայաստանում տրված կրթության մասին փաստաթղթերը: Բացի այդ՝ նաև նշվում է, որ 30 օրից ոչ ավելի ՌԴ-ում գտնվելու նպատակով այդ երկիր մուտք գործող ՀՀ քաղաքացիներն ազատվում են միգրացիոն քարտ լրացնելու պարտավորությունից:

«Ռուսաստանում ՀՀ քաղաքացիների ու նրանց ընտանիքի անդամների ժամանակավոր գտնվելու ժամկետը որոշվում է գործատուի հետ կնքված աշխատանքային կամ իրավաքաղաքացիական պայմանագրի ժամկետով»,- պարզաբանել են ՌԴ կառավարությունից:

Ռուսաստան մուտք գործելուց 90-օրյա ժամկետը լրանալուց հետո պայմանագրի վաղաժամկետ խզման դեպքում ՀՀ քաղաքացին իրավունք ունի առանց ՌԴ տարածքը լքելու 15 օրվա ընթացքում նոր պայմանագիր կնքել:

Նախարարների կաբինետից պարզաբանել են, որ ՀՀ քաղաքացիների հանդեպ սոցիալական ապահովումն իրականացվում է այն նույն պայմաններով, ինչ ՌԴ քաղաքացիների համար:




Լրահոս