Գյումրիում տեղի ունեցած միջադեպի հետևանքով Ավստրիական հիվանդանոցում վիրահատված վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը, Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մանկական վերակենդանացման բաժնի վարիչ Աննա Չոբանյանի ուղեկցությամբ տեղափոխվել է կենտրոնի վերակենդանացման բաժանմունք։ Երեխայի վիճակը գնահատվում է կայուն ծանր, միացված է արհեստական շնչառության սարք: Փոքրիկին այցելել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
«Երեկ երեկոյան Երևանից Գյումրի է մեկնել առաջատար մասնագետների խումբ, որը գիշերն այնտեղ է անցկացրել: Առավոտյան երեխային հաջողվել է տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, ուր ավելի հագեցված հնարավորություններ կան: Այս պահին հիմնական գործողությունները և աշխատանքներն ուղղված են նրա առողջական վիճակի կայունացմանը և հակաշոկային վիճակի հաղթահարմանը»,-լրագրողների հետ զրույցում նշեց Արմեն Մոյրադյանը` հավելելով, որ Սերյոժա Ավետիսյանն ապահովված է անհրաժեշտ բոլոր դեղորով և բժշական պարագաներով:
Երեխան վիրահատական միջամտության կարիք չունի, սակայն տուժել են նրա մի շարք հյուսվածքները: Արմեն Մուրադյանը հավաստիացրեց, որ մասնագեները ջանք չեն խնայում փոքրիկի առողջական վիճակը կայունացնելու, հակաշոկային բոլոր անհրաժեշտ գործողությունները կատարելու համար:
Հունվարի 12-ին կատարված վիրահատությունից հետո նա գտնվել է Գյումրիի Ավստրիական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: Երեխային Երևան տեղափոխելուց հետո իրականացվում են տարբեր հետազոտություններ, որոշ ժամանակ հետո կկատարվի նաև համակարգչային շերտագրում:
ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների, «Սուրբ Աստվածամայր», ինչպես նաև Երևանի առաջատար այլ բժշկական կենտրոնների մասնագետների մասնակցությամբ այսօր կկազմակերպվի բժշկական երկրորդ կոնսիլիումը:
Արմեն Մուրադյանն աշխատանքային օրը կանցկացնի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում։