«Ժառանգություն» կուսակցությունն իր վրդովմունքն է հայտնում Գյումրիում տեղակայված՝ ՌԴ 102-րդ ռազմահենակետում ծառայող զինվորի կողմից 2015թ. հունվարի 12-ին կատարված դաժան բռնարարքի կապակցությամբ, որին զոհ գնացին Գյումրի քաղաքում բնակվող Ավետիսյանների խաղաղ ընտանիքի վեց անդամները: Այս մասին տեղեկացնում է «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունը։
Կուսակցությունը ՀՀ իրավապահ մարմիններից պահանջում է անհապաղ իրականացնել անաչառ, ամբողջական ու բազմակողմանի քննություն և խիստ պատասխանատվության ենթարկել ոճրագործության հետ առնչվող բոլոր անձանց: «Ժառանգությունն» ակնկալում է այս դեպքի հետ կապված առավելագույն թափանցիկություն և հանրային հաշվետվողականություն:
Կուսակցությունը Հայաստանի գործող իշխանություններին հորդորում է իրենց ռուսաստանցի գործընկերների հետ սահմանել իրավապայմանագրային այնպիսի հարաբերություններ ու ռազմահենակետի ներքին կանոնակարգ, որոնք այսուհետ կերաշխավորեն նման սոսկալի միջադեպերի բացառումը:
«Ժառանգությունը» ծանր կորստի առթիվ խորապես ցավակցում է Ավետիսյանների ընտանիքի հարազատներին ու մերձավորներին` հայտնելով իր զորակցությունն ու փայփայելով ընտանիքի միակ ողջ մնացած անդամի՝ 6-ամսյա Սերյոժայի շուտափույթ ապաքինման հույսը: