ՓՈԽՄԱՐԶՊԵՏԸ ՆԱԵՎ ԱՆՏԱՌԱՀԱ՞Տ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Գեղարքունիքի մարզն ամենաանտեսվածների շարքում է: Դրա վառ ապացույց է նաեւ այն իրողությունը, որ մարզը մինչ օրս մարզպետ չունի:
Նախ մի քանի բառով անդրադառնանք մարզպետարանում տիրող բարքերին: Մարզպետարանի աշխատակիցների փոխանցմամբ՝ այն օրից, երբ մարզպետ է նշանակվել ԲՀԿ-ական Նվեր Պողոսյանը, բոլոր ավանդույթներն ու նաեւ աշխատակիցների իրավահավասարությունը խախտվել են մարզպետարանում: Մարզպետը, լինելով նախկին ոստիկան, այնպիսի աշխատաոճ էր ընտրել, որ ամեն ինչ կատարում էր ուրիշների ձեռքով: Նման մի փաստի մասին “Ժողովուրդ”-ն անցած տարվա հոկտեմբերին գրել էր, երբ Պողոսյանը Թթուջուր գյուղի մի բնակչից 3000 ԱՄՆ դոլար գումար էր վերցրել  դպրոցում ուսուցիչ նշանակելու համար: Հիշեցնենք, որ Պողոսյանը կաշառքը վերցրել էր իր վարորդի միջոցով:
Բայց մարզպետարանի հետ գործ ունեցած ցանկացած ոք գիտի, որ բացի վարորդից, Պողոսյանն ունեցել է նաեւ ,պաշտոնական միջնորդե՝ ի դեմս փոխմարզպետ Արտյուշ Ղուկասյանի: Եւ քանի որ արդեն մարզպետի պաշտոնից ազատվել է ԲՀԿ-ական Նվեր Պողոսյանը, մարզպետարանի փաստացի ղեկավար է դարձել Ղուկասյանը: Այսօր Գեղարքունիքի մարզպետարանում չկան առանձնացված վարչությունների, բաժինների պատասխանատուներ, այդ բոլոր հարցերով զբաղվում է Արտյուշ Ղուկասյանը:
ՀՀԿ-ական այս “տափուկը” մարզպետարանի ամենաերկարակյաց պաշտոնյաներից է. նա աշխատել է բոլոր կուսակցությունների անդամ մարզպետերի օրոք: Ու հատկապես վերջին մի քանի տարիների ընթացքում փոխմարզպետ Արտյուշ Ղուկասյանի կարողություններն էականորեն շատացել են: Փոխմարզպետը, իհարկե, իր եղբոր` Արմեն Ղուկասյանի միջոցով է իրականացնում իր “մութ գործերը”:
“Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ Արտյուշ Ղուկասյանը իր ծննդավայր Մարտունի տանող ավտոճանապարհին ասֆալտի համալիր գործարան ունի, որը  ներկայացնում է որպես եղբորը պատկանող հաստատություն: Գուցե այն չարժանանար մեր ուշադրությանը, եթե այնտեղ չնկատվեին առողջ, հաստաբուն ծառեր:
Վերջերս “Ժողովուրդ”-ի ֆոտոխցիկը ֆիքսեց, որ Վարդենիս-Կարճաղբյուր ավտոճանապարհի աջ ու ձախ մասերում առկա հսկայական անտառն անխնա հատվել է (տե՛ս ձախ կողմի լուսանկարները): Իհարկե, ոստիկանությունը մինչ օրս որեւէ քայլ չի արել՝ բացահայտելու, թե ով եւ ինչու է ապօրինի կտրել Սեւանի ափին գտնվող, բայց ջրի տակ մնալու վտանգ չունեցող ծառերը, սակայն փաստ է, որ նմանօրինակ ծառերը հայտնվել են Արտյուշ Ղուկասյանի եղբորը պատկանող սղոցարանում (տե՛ս աջ կողմի լուսանկարները):
Ինչեւէ, Արտյուշ Ղուկասյանը մեզ հետ զրույցում ասաց. “Ես ասֆալտի գործարան չունեմ Մարտունու տարածքում, դա, ավելի ստույգ, իմ եղբորն է, իսկ այդ ծառերը, որ տեսել եք, դա էլ արտադրամասինն է, որը բացարձակ իմ եղբոր հետ կապ չունի, դա ուրիշի տարածք է եւ ուրիշի արտադրամաս, թե այդ ծառերը որտեղից են բերել, ինչի են բերել, խնդրում եմ՝ համապատասխան մարմինների՛ն դիմեք, դա ընդամենը իր հարեւանությամբ տարածք է, որը արտադրամաս է”:
Հուսանք, որ ՀՀ ոստիկանությունը կզբաղվի խնդրով:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս