Այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը Երեւանի քաղաքապետ «Տարոն ջանին» բացատրեց, որ Մաշտոցի պուրակում տեղադրված կրպակները «այդքան էլ գեղեցիկ» չեն, վերջինս անմիջապես մոռացավ «կրպակատերերի սեփականության իրավունքի» մասին եւ շտապեց խոստանալ, որ իրենք շուտափույթ ելքեր կգտնեն` բավարարելու Սերժ Սարգսյանի էսթետիկական պահանջմունքները: Սակայն կարճ ժամանակ անց պարզ դարձավ, որ դա այդքան էլ հեշտ, եւ ամենակարեւորը` էժան գործընթաց չէ: Առավել եւս, որ Աբովյան փողոցի որոշ կրպակատերեր այնպիսի հզոր տանիքներ ունեին, որոնց դժվար էր լինելու «քցելը»: Արդյունքում այդ կրպակատերերից առավել ազդեցիկ տանիք ունեցողներից Յուրա Բեգլարյանին` Երեւանի նախկին քաղաքապետ, ներկայում ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի եղբորը, Աբովյան փողոցում իր նախկին կրպակների փոխարեն թույլ տրվեց բացել սրճարան: Փաստորեն, Աբովյանի մայթերը երեւանցիներին վերադարձնելու` Տարոն Մարգարյանի մեծ-մեծ խոստումներն այս դեպքում ոչինչ չարժեցան: Ընդ որում այդ հարցում տարօրինակ լռություն են պահպանում նաեւ Մաշտոցի պուրակի ակտիվիստները: Անկեղծ ասած` Մաշտոցում պուրակ, իբրեւ այդպիսին, չկար էլ: Բայց, ինչպես տեսանք, ակտիվիստները տեւական ժամանակ պայքարեցին: Իսկ ահա Աբովյան փողոցի` ճեմելու համար նախատեսված կանաչապատ հատվածում տեղադրված սրճարանի դեմ առայժմ ոչ ոք չի խոսում: Ըստ ամենայնի, դեռ վաղ է, եւ այդ հարցը կհայտնվի ակտիվիստների ուշադրության կենտրոնում մի քանի ամիս անց, երբ սրճարանատերը որոշակի եկամուտ ստացած կլինի, իսկ նախընտրական փուլը` մեկնարկած: Առայժմ խնդրով մտահոգվում են միայն առանձին լրատվամիջոցներ, որոնցից «Առավոտ»-ի հարցին ի պատասխան՝ երեկ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ուղղակի ցնցող պատասխան է տվել: Լրագրողի հարցին, թե Աբովյան փողոցում ինչու է միայն Գագիկ Բեգլարյանի եղբորը թույլատրել բացօթյա սրճարան կառուցել, Տարոն Մարգարյանն ասել է բառացիորեն հետեւյալը. «Ես տեղյակ չեմ` Դուք ինչ հարց եք տալիս, բայց ամեն դեպքում այդտեղ քաղաքացիներ են, որոնք դրա վերեւի, ներքեւի մասում էլ իրականացնում են սրճարան»: Նախ` անհասկանալի է, թե ինչ ասել է «սրճարան իրականացնել»: Հավանաբար այս քաղաքաշինական տերմինը Տարոն Մարգարյանի բացառիկ «նոու հաուն» է: Բացի այդ` եթե տեղյակ չէ, թե ինչի մասին է խոսքը, ի՞նչ գիտի, թե իրեն անհայտ բանի վերեւի կամ ներքեւի հատվածները որոնք են: Եվ վերջապես` ի՞նչ ասել է` տեղյակ չեմ: Սա այլ կերպ, քան պաշտոնական անգործություն, դժվար է որակել: Եթե քաղաքապետը կանգնում եւ ասում է, որ ինքը տեղյակ չէ, որ իր ղեկավարած քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում բացվել է նոր բացօթյա սրճարան, ապա նա, մեղմ ասած, իր տեղում չէ:
ՏԵՂՈՒՄ ՉԷ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ