«ՀԱՐՍՆԱՔԱՐ»-Ի ԴԵՊՔԸ ՑԱՎԱԼԻ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բանակային 5-րդ կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Կամո Քոչունցը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ պետական բոլոր ծառայողները պետք է ծառայեն հայոց բանակում: Մինչդեռ ՀՀ մի շարք պաշտոնյաներ չեն ծառայել:
-Պարո՛ն Քոչունց, ադրբեջանական դիվերսիոն հարձակումները չե՞ն ազդում հայոց բանակի մարտունակության վրա:
-Իհարկե չեն ազդում: Ամեն դեպքում, իրականացված հակադարձ քայլերն ապացուցում են նաեւ, որ դիվերսիոն հետախուզական խմբերի գործողությունները չեն կարող ազդել բանակի մարտունակության վրա:  
-Ինչո՞ւ համարժեք հակահարված չենք տալիս նրանց:
-Մենք համարժեք պատասխան տվել ենք: Նրանք 6 զինծառայողի կորուստ ունեցան: Այդ քայլով մենք կասեցրինք նրանց գործողությունները:       
-Իսկ «Հարսնաքար»-ի դեպքե՞րը, երբ խաղաղ պայմաններում զինվորների են ծեծում: Դա՞ էլ չի ազդում մեր բանակի մարտունակության վրա:
-«Հարսնաքար»-ի դեպքը չի կարելի մասնավորեցնել: Այդ երեւույթը ոչ ոքի կողմից չի ընկալվում: Ցավալի է, որ նման դեպքեր լինում են մեր օրերում: Չպետք է լիներ, բայց եղել է: Լինում է, որ նմանատիպ դեպքերը տեղի են ունենում այլ տեղերում: Բայց դա էլ չի ազդի մեր բանակի մարտունակության վրա:
-Ձեր կարծիքով՝ այդ միջադեպի վերաբերյալ ՊՆ-ի բարձրաստիճան աշխատակիցները համարժեք պատասխան տվեցի՞ն:
-ՊՆ-ն այդ դեպքի կապակցությամբ իր հայտարարությունն է արել, որտեղ դատապարտել է այդ երեւույթը:  
-Իսկ ինչո՞ւ առանձին չինովնիկներ մինչ հայտարարությունը ոչինչ չէին խոսում:
-Դե հայտարարությունը կա:
-Ինչպե՞ս եք վերաբերվում այն չինովնիկներին, որոնք չեն ծառայել հայոց բանակում: Օրինակ` փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, պատգամավոր Կարեն Ավագյանը եւ այլք:
-Այդ հարցն ինձ չպետք է տաք: Ընդհանրապես, պետական բոլոր ծառայողները պետք է ծառայեն հայոց բանակում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս