Վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ Բրյուսել կատարած այցից մեկ ամիս չանցած՝ երեկ այնտեղ է մեկնել Սերժ Սարգսյանը: Ճիշտ է, ըստ պաշտոնական լրահոսի՝ նրանց այցերը բոլորովին տարբեր առիթներով են: Տ. Սարգսյանը մեկնել էր IBA մոլեկուլյար ընկերություն այցելելու, եվրոպական քաղաքականության հետազոտությունների կենտրոնում ելույթ ունենալու համար: Իսկ Սերժ Սարգսյանը մեկնել է ԵԺԿ գագաթնաժողովին մասնակցելու, հընթացս՝ նաեւ եվրոպացի պաշտոնյաների հետ հանդիպումներ ունենալու նպատակով: Սակայն ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, այցի իրական նպատակներն այլ են. պաշտոնական օրակարգից բացի, նրանք ցանկանում են որոշակի գումար խնդրել եվրոպացիներից: Ընդ որում այդ գումարն օդի ու ջրի պես անհրաժեշտ է իշխանություններին, այլապես նրանց ծրագրերը պարզապես կհայտնվեն ձախողման վտանգի տակ:
Պատահական չէ, որ դեռ հունիսի 4-ին Տիգրան Սարգսյանը Բրյուսելի եվրոպական քաղաքականության հետազոտությունների կենտրոնում ունեցած ելույթում ասել էր. «Հայաստանը դոնոր հանրության ֆինանսական եւ մտավոր աջակցության կարիքն ունի` մեր բարեփոխումների ներուժի եւ հռչակած արժեքների միջեւ առկա ճեղքը լրացնելու համար»: Նա հայտարարել էր, թե Ս. Սարգսյանի գլխավորությամբ Հայաստանն ունի քաղաքական կամք՝ արագացնելու բարեփոխումների գործընթացը, եւ իրենք շարունակելու են հավատարիմ մնալ Եվրոպական միության հետ հետագա համագործակցությանը:
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նույնաբովանդակ զրույցներ նա ունեցել էր նաեւ մասնավոր հանդիպումներում: Սակայն՝ ապարդյուն. նա Բրյուսելից Երեւան էր վերադարձել ձեռնունայն. Եվրոպայում հրաժարվել էին գումար տալ՝ պատճառաբանելով ՀՀ-ում անցկացված ընտրությունների որակը: Եվ ահա, դրանից հետո Ս. Սարգսյանն ինքն է անձամբ մեկնել Բրյուսել:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը «Ժողովուրդ»-ի հետ հեռախոսազրույցում հերքեց այս լուրերը՝ ասելով, որ այցերն այլ նպատակ են հետապնդում: «Այն հարաբերությունները, որ այսօր ձեւավորվել են ԵՄ-ի ու Հայաստանի միջեւ, միայն մեր հակառակորդների նախանձը կարող են շարժել, որովհետեւ առեւտրի համաձայնագիրն այդքան արագ որեւէ երկիր չի անցել: Այս առումով ես համոզված եմ, որ եվրոպական կառույցները կանեն հնարավորինը, որ աջակցեն մեզ, այդ թվում՝ ֆինանսապես. արտոնյալ պայմաններով վարկային միջոցներ տրամադրելու ճանապարհով»,- ասաց նա:
Մինչդեռ ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը հակառակն է պնդում: Մեզ հետ զրույցում պարոն Խաչատրյանն ասաց, թե Սերժ Սարգսյանի այցը կապված է Եվրոպայից ակնկալվող ֆինանսական աջակցության հետ: «Ընտրություններից առաջ խոսակցություններ եղան, որ եվրոպացիները ֆինանսապես օգնելու են Հայաստանին: Բայց ՀՀ ընտրությունների վերաբերյալ եվրոպացիների գնահատականները կարծես թե միանշանակ չեն: Այս առումով Տ. Սարգսյանի այցը Բրյուսել անհաջող էր, ու հիմա Ս. Սարգսյանն ինքն է գնացել՝ փրկելու իրավիճակը»,- նշեց պարոն Խաչատրյանը: Վերջինս, սակայն, միանշանակ չի կարող ասել, թե որքանով կհաջողվի իշխանություններին ստանալու այդ գումարը: «Դժվար է ասելը՝ հաշվի առնելով Եվրոպայի պրոբլեմները, ՀՀ ընտրություններին նրանց տված գնահատականները: Իշխանությունները նրանց քաղաքական խոստումներ էին տվել՝ երկրում, մասնավորապես իրավապահ համակարգում, կոռուպցիայի ոլորտում, ինչպես նաեւ՝ քաղաքական ու ընտրական համակարգերի հետ կապված բարեփոխումներ իրականացնելու հարցում: Բայց Հայաստանը մնացել է նույն կոռումպացված, հեռանկար չունեցող, ավտորիտար համակարգ ունեցող երկիրը: Սա է խնդիրը, որ եվրոպացիները չեն ցանկանում աջակցել ՀՀ-ին»,-նշեց պարոն Խաչատրյանը՝ հավելելով,-Հայաստանի ֆինանսական օգնության խնդիրը, չեմ կարծում, այն գումարն է, որ եվրոպացիների համար մեծ պրոբլեմ լինի: Ես ավելի շուտ քաղաքական դրդապատճառներ եմ տեսնում այնտեղ»:
ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐԻՑ ՓՈՂ ԵՆ ՈՒԶՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ