2009-2013թթ. Հայաստանում գործող ռուսական ռազմաբազայում ամեն ինչ խաղաղ է եղել, զինվորներից կամ նրանց մայրերից ոչ մի բողոք չի ստացվել: 2013թ. իրադրությունը փոխվել է, իսկ բողոքների թիվն՝ աճել: Այս մասին mk.ru-ին հայտարարել է Ռուսաստանի զինվորների մայրերի կոմիտեի պատասխանատու քարտուղար, պաշտպանության նախարարությանը կից հասարակական խորհրդի անդամ Վալենտինա Մելնիկովան:
«Չեմ կարող ասել, որ դրանք զանգվածային են եղել, սակայն այդուհանդերձ, շատ էին: Հիմնականում բողոքում էին, որ զինծառայողներից խլում են գումարները, ստորացնում են, բուժվելու նպատակով ժամանակին հոսպիտալ չեն ուղարկում: Ընդ որում, մեր օգնությանը դիմած զինվորները մեղադրում էին ոչ թե իրենց ծառայակից ընկերներին, այլ հրամանատարական կազմին, մասնավորապես, կրտսեր սպաներին: Մենք այդ դեպքերի առիթով դիմել ենք ռազմական դատախազին եւ դրանից հետո նման խախտումները դադարել են», – նշել է նա:
Կայքը նշում է, որ բացահայտվել է նաև իր մասին իրական տեղեկատվությունը թաքցնելու Պերմյակովի հակումը: Օրինակ՝ սոցցանցի իր էջում նա նշել է, որ սովորել է Չիտա քաղաքի 17-րդ երեկոյան դպրոցում, սակայն ուսումնական հաստատության տնօրեն Լյուդմիլա Վոնսոնովիչը կտրականապես հերքել է այդ տեղեկությունը: Նա հայտարարել է, որ չի հիշում նման ազգանունով աշակերտի, սակայն համոզվելու համար կրկին նայել է իր դպրոցի բոլոր աշակերտների քարտարանները և նման ազգանունով աշակերտ չի գտել: Պարզվում է, որ Վալերի Պերմյակովը ծնվել է Անդրբայկալի երկրամասի Դուլդուրգ գյուղում, իսկ բանակ զորակոչվել է Չիտինյան մարզի Բալեյ քաղաքից: Այնտեղ նույնպես կա երեկոյան դպրոց:
Հիշեցնենք, որ Գյումրիում մի ամբողջ ընտանիք է սպանվել, իսկ սպանությունը կատարելու մեջ կասկածվում է Գյումրու 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը: