Մոտ 10 օր առաջ միմյանցից խոհարար փախցնելու հարցով թունդ «ռազբորկա» էր եղել Գյումրու երկու «շաուրմայանոցների» տերերի` Շիրակի մարզի քննչական բաժնի արդեն նախկին պետ Կարուշ Թովմասյանի փեսայի` 32-ամյա Գառնիկ Գրիգորյանի եւ Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության նախկին պետ Արտաշես Սարգսյանի փեսայի միջեւ: Արդյունքում հնչել էին կրակոցներ, քրեական գործ էր հարուցվել խուլիգանության եւ ապօրինի կերպով զենք պահելու դեպքերի առթիվ: Դեպքը տեղի էր ունեցել Գյումրի-Սպիտակ ավտոճանապարհին, եւ վիճաբանությանը մասնակցել էին նաեւ Գառնիկ Գրիգորյանի հորեղբորորդին ու Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության նախկին պետ, ԲՀԿ-ական Արտաշես Սարգսյանի որդին` Ռուստամը: Aravot.am-ի տեղեկացմամբ՝ նախօրեին Ռուստամը ձերբակալվել է: Նրա դեմ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օր.-ի 34, 104 եւ 235 հոդվածներով` սպանության փորձ կատարելու ու ապօրինի զենք-զինամթերք կրելու առիթով: Ի դեպ, Ռուստամ Սարգսյանի անունը հայտնի է մեկ այլ սկանդալով եւս. 5 տարի առաջ նա Գյումրու կենտրոնում մենամարտի մեջ էր մտել քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու` Սպարտակի հետ, կրակոցներ էին հնչել, որի պատճառով երկուսն էլ ձերբակալվել էին:
ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ