Ողբերգությունը շահարկելու փորձեր. «Հայոց աշխարհ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Գուցե զարմանալի էլ չէ արդեն, բայց Գյումրիում կատարված ողբերգության մասին ահավոր լուրը տարածվելուն գրեթե զուգահեռ, հիմնականում սոցցանցերում, որոշ մարդիկ սկսեցին հակառուսական տրամադրություններ հրահրել, նաեւ ՌԴ ռազմակայանի տեղակայման դեմ մեկնաբանություններ ու ինչ-ինչ կոչեր անել:

Ճիշտ է, հասարակության մեծ մասի արձագանքը, կարելի է ասել, համարժեք էր, բայց զանազան շահարկումների փորձեր, դրսեւորումներ էլ եղան: Նրանց հակադարձողներ՝ նույնպես: Նշված դրսեւորումները, կրկնենք, իրոք արդեն զարմանալի էլ չեն: Պարզապես այնպիսի տպավորություն է, թե մարդկանց որոշակի շրջանակ կազմ-պատրաստ առիթի է սպասում, որ իր արտառոց ընկալումները նետի հանրային քննարկման հորձանուտը:

Պետք է նկատել, որ ընդհանուր լրահոսում թե հանրային քննարկումների հարթակներում մի տեսակ անուշադրության մատնվեց այն, որ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի ղեկավարությունը հնարավորինս արագ ու համարժեք արձագանքեցին կատարված ողբերգությանը: ՌԴ ԱԳՆ կամ պաշտպանության նախարարի ցավակցությունների մասին էլ զուտ հպանցիկ նշվեց, ի դեպ:

Փորձենք ճիշտ հասկանալ իրավիճակն ու միմյանց: Գյումրիում իսկապես ահավոր ու սահմռկեցնող ողբերգություն է տեղի ունեցել: Եվ հասկանալի ու ընկալելի է, որ շատերիս հիմնական պահանջը մեղավորին պատժված տեսնելն է:
Բայց մենք, որպես հասարակություն, մեծ սխալ գործած կլինենք թերեւս, եթե թույլ տանք, որ կատարված ողբերգությունը ինչ-ինչ մարդիկ օգտագործեն՝ իրենց ուզած պղտոր ջուրն ստանալու եւ «ձկներ որսալու» համար»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս