ՇՈՒԿԱՆ ՓՈՔՐ Է, ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ՆՈՒՅՆՊԵՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի ԼԻԼԻԹ ՊԻՊՈՅԱՆԻ հետ զրուցեցինք այսօրվա երգարվեստի ոչ այդքան հուսադրող վիճակից, պարզեցինք նաեւ, թե ինչու հաճախակի նորություններ չի ներկայացնում:
-Երկար տարիներ երգարվեստում եք, բայց, ցավոք, քիչ տեսահոլովակներ ունեք,  եթերում էլ հաճախակի չեք երեւում…
-Դա այնքան ծեծված ու հոգնեցնող թեմա է, անիմաստ է խոսել դրա մասին, միեւնույն է, բան չի փոխվելու: Ես կարող եմ իմ մասին ասել, որ այս ընդհանուր ընդունված նեղ հոսանքի մեջ չեմ: Իսկ ով ընդհանուր հոսանքի մեջ չէ, դուրս է մնում, որովհետեւ ոչ մի օգնություն չեմ ստանում, ամեն ինչ ինքս եմ անում: Եթե դու ընդհանուր պաշտոնապես հաստատված տեսականուց մի քիչ տարբեր ես, ուրեմն դու այլեւս Հայաստանում չես կարողանում քո գործը շարունակել: Շուկան փոքր է, հնարավորությունները՝ նույնպես: Ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ այսօրվա երաժշտական շուկան ողողված է ռաբիս, զզվելի, անճաշակ ու ինչ-որ վավաշոտ երանգավորմամբ կատարումներով, ինչն անտանելի է, ես դա չեմ լսում: Եթե դու քո տեսակով իրենց նման չես, արդեն դուրս ես մնում նրանց շրջանակից, ու քեզ էլ չեն հրավիրում պետական համերգներին, համահայկական համերգներին, որոնցով հայ երգարվեստը ներկայանում է Հայաստանի սահմաններից դուրս: Ես գտնում եմ, որ շատ հայկական երգչուհի եմ, բայց այդ համերգների կազմակերպիչներն ինձ չեն համարում իրենցը:
-Միգուցե երգացանկի՞ խնդիր է:
-Իմ երգացանկը ես ընտրում եմ ամենայն բծախնդրությամբ, եւ այն, անշուշտ,  գոյության իրավունք ունի: Ցածրորակ չէ, նաեւ ակտուալ է:
-Ձեր ժանրը խորքային է, ամեն մեկը չի հասկանա:
-Ախր դրա մեջ բարդ բան չկա, մտածելու տեղիք է տալիս, զվարճացնող չէ, ու ամբողջ մեխը այդտեղ է: Մեր զրույցից կարող է տպավորություն ստեղծվել, որ ես լսարան չունեմ, բայց դա այդպես չէ, ես ունեմ լսարան ու շատ լավ լսարան: Այն միգուցե մեծ չէ, բայց շատ լավն է, երիտասարդներ էլ կան: Ուղղակի մեր երկիրն է փոքր: Ես Ձեզ հավատացնում եմ, որ եթե իմ կողքին կանգնած լիներ ճիշտ հեռուստաընկերություն, ես հիմա կլինեի համաժողովրդական շատ սիրված երգչուհի: Իսկ ի՞նչ է կատարվում այսօր: Ընդհանուր գորշություն է տիրում ամբողջ երգարվեստում, եթե չասեմ արվեստում: Մեր մակարդակն ընդհանուր առմամբ շատ է ընկել:
-Մի՞շտ է այսպես եղել, թե՞ վերջին տարիներին է իրավիճակը փոխվել:
-Ինձ թվում է՝ գնալով վատանում է: Նույնիսկ այն մարդիկ, որոնք ժամանակին ճաշակ ունեին կամ որոշակի չափանիշներ, նույնիսկ իրենք են ենթարկվում շուկայի թելադրանքին ու հետզհետե կորցնում ճաշակը: Այն մարդիկ, որոնք 10 տարի առաջ մի բան էին անում, այսօր այլ բան են անում, եւ ընդհանուր մակարդակը գնալով իջնում է: Դրանից ժողովրդի ճաշակն էլ է ընկնում: Պրիմիտիվ, նողկալի, վավաշոտ, քաղցր-մաղցր ինտոնացիաներ են մտցնում իրենց երգերի մեջ: Կամ սիրո մասին այս նողկալի երգերը, ինչպե՞ս կարելի է այդ տեսակ երգել սիրո մասին:
-Չե՞ք փորձել ավագ ընկերոջ պես խորհուրդ տալ իրենց «աստղ» երեւակայողներին:
-Չէ՛, ի՞նչ եք ասում, ես նրանցից վախենում եմ, այդ տեսակ բան ասեմ, ինձ կհոշոտեն: Մի անգամ այդ աստղիկներից մեկը «Ֆեյսբուք»-ում ինձ գրեց՝ «Մի հատ լայք կանեք», մտա ու լսեցի երգը: Հետո էլ անկեղծորեն հայտնեցի իմ կարծիքը, որ երգը թույլ էր, անհաջող էր նաեւ գործիքավորումը: Ցավոք, նա խիստ նեղացավ: Երբ ինձ հարցնում են, ես միշտ էլ ամենայն անկեղծությամբ եմ պատասխան տալիս: Իմ գործը չէ նրանց բան ասելը, քննադատները պետք է դա անեն:
-Այս տարիների Ձեր գործունեության ընթացքում ի՞նչ բացթողումներ են եղել:
-Օրենքով ես պետք է ավելի շատ ձայնագրություններ թողարկած լինեի: Այս 20 տարիների ընթացքում գոնե պետք է մի 12 ձայնասկավառակ թողարկեի, բայց հիմա ես ունեմ 3-ը, չորրորդը Կոմիտասն է, իսկ հինգերորդի երգերն արդեն 2 տարի է` պատրաստ դրված են իմ համակարգչի մեջ, չեմ կարողանում ձայնագրել, որովհետեւ…
-Եթե մեր մշակույթը շարունակի այս ճանապարհով գնալ, ինչի՞ կհասնենք:
-Արդեն հետ ենք գնում, էլ ինչի՞ պետք է հասնենք:
-Իսկ ի՞նչ անել փրկության համար:
-Կցանկանամ, որ մեր երկիրն առաջընթաց ապրի, տնտեսության ու մարդկանց գիտակցության մակարդակը բարձրանա, որ մենք հառենք մեր հայացքը ե՛ւ դեպի աշխարհ, ե՛ւ դեպի մեր ինքնություն: Հիմա մենք հետին պլանի երկիր ենք: Դուք նայե՛ք, տեսե՛ք զարգացած երկրների ամեն ինչն է զարգացած: Պետք է ձգտել դրան:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս