Ռուսաստանյան «Московский Комсомолец (МК)» լրատվականը երեկ հոդված է հրապարակել, որում մասնավորապես ասվում է, թե Գյումրիում ռուսական 102 ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի նկատմամբ, ով մեղադրվում է զանգվածային սպանդ իրականացնելու մեջ, կարող էին դավադրություն կատարած լինել:
«Նման տեսակետ երեկ քննարկվել է Գյումրու ավագանու խորհրդի նիստում: Պերմյակովի հարցաքննությունից հայտնի առաջին տվյալները այդ հանցագործության վրա լույս չսփռեցին: Պերմյակովն ասել է, թե զորամասից դուրս է եկել… զբոսնելու: Տուն մտնելուց առաջ նա, իբր, թակել է դուռը` ջուր խնդրելու համար: Սակայն դուռը ոչ ոք չի բացել, և նա որոշել է ինքնուրույն ներս մտնել:
Տեղաբնակներին նման վարկածը կասկածելի է թվում:
«Այն, ինչ պատմել է Պերմյակովը, իմ կարծիքով` բացարձակ սուտ է», -կարծում է քաղաքի ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը, ով շարունակել է. «Գյումրիում ընդունված է զինվորների նկատմամբ բարի վերաբերմունք դրսևորել և այստեղ նրանց միշտ ջուր կտան, կկերակրեն և անգամ հագուստ կտրամադրեն: Բացի այդ, տունը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, Պերմյակովը դժվար թե մտներ, ենթադրենք, կողքով անցնելիս: Սպանված ընտանիքն ապրում էր ռազմաբազայից 3-4 կմ հեռավորության վրա, տունը ճամփեզրին չէ, որևէ բանով անցորդներին չի գրավել: Նրանց տուն հասնելու համար անհրաժեշտ է անցնել հարևանների բակերով: Մեզ մոտ շատերը մտածում են, որ սա կարող էր դավադրություն լինել: Ինչո՞ւ պետք է զինվորը հանցանքի վայրում թողեր իր կոշիկները: Զարմանալի է, այդպես չէ՞: Զարմանալի է նաև այն, որ բոլորը` տանտիրուհուց բացի, սպանվել են իրենց անկողիններում: Մեզ մոտ շատերն ասում են, թե այդ օրը քաղաքում ևս 3 մարդ է սպանվել: Սակայն այս տեղեկությունը գաղտնի է պահվում»:
Այս հոդվածում տեղ գտած տեղեկությունը ճշտելու համար Armlur.am-ը կապ հաստատեց Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի հետ, ով մեզ վստահեցրեց, որ իրեն զանգահարած ռուսական լրատվամիջոցի հետ զրույցում ինքը շեշտել է, որ կան նման խոսակցություններ, թե դեպքի օրը քաղաքի Շիրակի փողոցում ևս 3 կին է սպանվել, ինչը, սակայն, չի հաստատվել:
«Ես ասել եմ, որ կան նման խոսակցություններ, սակայն դրանք ընդամենը խոսակցություններ են, որոնք ապացուցված չեն: Այդ լուրերը լսելուն պես ոստիկանական մոտ 10 ավտոմեքենա է շարժվել նշված վայր, սակայն որևէ արտառոց դեպք այնտեղ չէր պատահել: Ողջ քաղաքում խիստ հսկողություն էր իրականացվում, նման բան չի հայտնաբերվել»,- հավելեց մեր զրուցակիցը:
Ի դեպ, նշենք, որ ռուսական վերոնշյալ կայքին հղում են տվել մի քանի այլ լրատվամիջոցներ ևս:
Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Գյումրիում դաժանաբար սպանվել են 7 անդամ ունեցող ընտանիքի 6 անդամները, իսկ 8 ամսական երեխան` ծանր վնասվածքներով տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածածին» բժշկական կենտրոն: