Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի մշակույթի պալատում հրավիրված հանդիպման ընթացքում ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի 2014 թվականի տարեկան աշխատանքային հաշվետվությունն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ նախարարը անդրադարձել է ինչպես բանակային երկրորդ կորպուսի տարեկան ձեռքբերումներին, այնպես էլ Հայոց բանակում արձանագրված հաջողությունների, մարտունակության հետագա բարձրացման, արդիականացման ու հզորացման, բարեփոխումների շարունակման և մի շարք առաջնահերթ խնդիրներին:
«Բանակային երկրորդ կորպուսի ջանքերով 2014 թվականին առաջնային գծում ոչ միայն հաջողվել է անառիկ պահել մեր երկրի սահմանները, այլ նաև հայտնաբերել և վնասազերծել թշնամու դիվերսիոն խումբը: Մենք անցած տարում կարողացանք հակառակորդին 6 անգամ ավելի կորուստներ պատճառել, բանակում էականորեն նվազեցնել միջանձնային հարաբերությունների արդյունքում տեղի ունեցող սպանությունները կամ ինքնասպանությունները, արատավոր մյուս երևույթները: Նախորդ տարում մենք գտանք մեր արժանավոր հերոսներին, ներքին և համազգային համախմբման համար կայուն հիմքեր ստեղծեցինք: 2015 թվականին մենք առաջնորդվելու ենք «Բարեփոխումներին՝ որակական առաջընթաց» կարգախոսով, գրանցված հաջողությունները զարգացնելու հավակնոտ ու իրատեսական ծրագրերով»,-նշել է Սեյրան Օհանյանը:
Նախարարը արտաքին սպառնալիքների չեզոքացման կողքին ոչ պակաս կարևոր է համարել նաև արատավոր բարքերը մեր բանակի շարքերից արմատախիլ անելու խնդիրը:
«Մենք այս տարում էլ մեր բանակի գերակա խնդիրը համարում ենք Հայաստանի ու Արցախի անվտանգության ապահովումն արտաքին բոլոր սպառնալիքներից, որի համար մշտապես պետք է ունենանք խելամիտ պաշտպանության հայեցակարգ»,-շեշտել է նախարարը: