Տոնական օրերին Հայաստան ժամանած մեծ թվով «օրենքով գողերից» մի քանիսը դեռ այստեղ են: Նման հայտարարությամբ հանդես եկավ քրեական իրադարձություններին իրազեկ, վերլուծաբան Սերգեյ Գալոյանը, ում փոխանցմամբ մինչ հեռանալն այստեղ գտնված «օրենքով գողերը» մեծ հավաքի ժամանակ լուրջ քննարկումներ են արել:
Թե կոնկրետ, որ «օրենքով գողերն» են մինչ այսօրն այստեղ, բանախոսը խուսափեց հայտնել՝ միայն նշելով, որ այս հանգամանքը որևէ կերպ Հայաստանի վրա ազդել չի կարող: Սերգեյ Գալոյանը նաև հրաժարվեց բացահայտել, թե կոնկրետ որ ռեստորանում կամ հյուրանոցում են գտնվել քրեական աշխարհի ներկայացուցիչները:
«Ամենակարևոր հարցը, որ քննարկվել է «սխոդկայի» ժամանակ այն է, որ կասկածի տակ են դրվել 2008-ից մինչ օրս «օրենքով գող» կարգվածների հեղինակության հարցը: «Օրենքով գող» է կարգվել 215 հոգի և այս թիվը չլսված և անհավանական է: Քննարկված այլ հարցեր չեմ նշի, քանի որ ամենակարևորն արդեն ասացի», – նշեց Սերգեյ Գալոյանը:
Նա նաև հավելեց, որ այն հանգամանքը, թե հավաքը Մոսկվայում չի անցկացվել, չպետք է կասկածի տակ դնի հայ իրավապահների որակի հարցը, քանի որ «գողերը» նման կերպ են վարվել այն պատճառով, որ Հայաստանում ավելի հանգիստ է: Նա նաև նշեց, որ մի շարք «օրենքով գողեր» չեն կարողացել գալ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Հայաստանում կայացել է վերջին տարիների ամենախոշոր հավաքը: Հավաքի ժամանակ «օրենքով գողի» կոչումից են զրկել ազգությամբ ադրբեջանցի «օրենքով գող» Ռովշան Ջանիևին (Ռովշան Լյանկորանսկիյ) ու Ջեմալ Միկելաձեին (Ջեմո):