Ստամբուլի հայկական Սուրբ Գևորգ եկեղեցում հավաքվել են բազմաթիվ հայեր, որպեսզի հրաժեշտ տան հայուհի Սոնա Օգմենին, ով ամուսնացել է թուրքի հետ ու սպանվել իր եղբոր կողմից: Հրաժեշտի արարողությունից հետո աղջկա դին թաղվել է Ստամբուլի Զեյիտնբուրնու հայկական գերեզմանոցում:
Ինչպես գրում է թուրքական «Milliyet»-ը, աղջկա հուղարկավորությունը կայացել է այսօր ժամը 14:00-ին Սուրբ Գևորգ եկեղեցում: Եկեղեցու տարածքում ոստիկանությունն անվտանգության խիստ միջոցառումներ է ձեռնարկվել: Լրագրողներին արգելվել է եկեղեցու ներսում նկարահանումներ կատարել:
Քրոջը սպանած Գենայ Օգմենի փաստաբան Ադնան Մերջան թուրքական «Դողան» գործակալության հետ զրույցում հերքել է լուրերը, որ սպանությունը տեղի է ունեցել կրոնական հողի վրա:
«Սպանությունը կատարվել է պահի ազդեցության տակ ու կանխամտածված չի եղել»,- հայտարարել է փաստաբանը:
Հավելենք, որ դեկտեմբերի 12-ին Ստամբուլի Ֆատխի թաղամասում մեքենայի մեջ հայտնաբերվել է 10 օր առաջ ամուսնացած հայ Սոնայի ու թուրք Զեքերիի դիերը:
Աղջկա եղբայրը խոստովանել է, որ նա է սպանել քրոջն ու փեսային, քանի որ փեսան արհամարհանքով է արտահայտվել իրենց ավանդույթների մասին, դրանով իսկ վիրավորելով իրեն ու հայերի ավանդույթները: