Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի դեմ հարուցված քրեական գործով քաղաքագետը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է ներկայացել կայացած երեք նիստերից միայն մեկին: Դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ հերթական դատական նիստը նշանակվել է վաղը: Սուրեն Սուրենյանցին այս անգամ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ խարդախությամբ, զգալի չափերի հափշտակություն կատարելու «միասնական դիտավորությամբ», իր հանցավոր մտադրությունն իրականացնելու համար օգտագործելով ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ազատամարտիկների հատկացվող բնակարաններ ձեռք բերելու խնդիրը` «բնակարան ձեռք բերելու գործընթացն արագացնելու» համար, սուտ խոստումներ է տվել Անուշ Աղաջանյանին:
Ըստ գործի նյութերի, Սուրենյանցը տիկնոջից վստահությունը չարաշահելու եղանակով վերցրել է 30.000 ՀՀ դրամ և 454.286 ՀՀ դրամին համարժեք 1.100 ԱՄՆ դոլար գումար և այդ ուղղությամբ որևէ գործողություն չկատարելով` խաբեությամբ հափշտակել է զգալի չափերի` 484.286 ՀՀ դրամ գումար:
Armlur.am-ի հետ զրույցում քաղաքագետը նշեց, որ դեռ չգիտի՝ ներկայանալու է առաջիկա դատական նիստին, թե ոչ:
«Ես երկու անգամ չեմ ներկայացել դատական նիստերին, քանի որ առաղջական խնդիրներ ունեի: Շահագրգռված չեմ դատական նիստը հետաձգել, որովհետև իմ անմեղությունը մի շարք դրվագներում ապացուցված է: Քանի որ այս պահին դատաքննություն է գնում, ամեն ինչը ըստ կարգի է լինելու, և ես չեմ կարող որևէ դրվագ ներկայացնել ձեր ուշադրությանը, որը ցույց է տալիս իմ անմեղությունը»,- ասաց Սուրենյանցը: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը դատավորին խնդրել է հետաձգել վաղվա դատական նիստը:
«Ես դատավորին խնդրել եմ, որ հարգեն իմ վիշտը, առայժմ հստակ չեմ կարող ասել կներկայանամ դատին, թե ոչ: Ես խնդրել եմ, որ հնարավորության դեպքում դատական նիստը հետաձգեն: Մորեղբայրս է մահացել, մենք քրիստոնյա ենք, նորմալ է, որ նման խնդրանքով եմ հանդես եկել»,- նշեց Սուրենյանցը: Նա հավեկեց, որ եթե չհետաձգեն դատական նիստը, այդ ժամանակ նոր կորոշի՝ գնա նիստին, թե ոչ:
«Վախենալու հիմքեր չունեմ և ինքս եմ շահագրգռված, որ այս դատավարությունը չձգձգվի: Դետալների մեջ չեմ ուզում մանրանալ` հարգելով դատաքննության սկզբունքները: Տակտիկական նկատառումներից ելնելով չեմ կարող մանրամասներ ասել»,-ասաց քաղաքագետը: Վերջինս մեզ ասաց, որ այս բոլոր գործընթացների մեջ, որևէ քաղաքական ենթատեքստ չի տեսնում, պարզապես համոզվում է, որ մարդիկ չարաշահում են իր վստահությունը: Սուրենյանցը չցանկացավ մանրամասնել, թե խոսքը հատկապես ում մասին է: