Վերջերս ուշագրավ հրապարակմամբ է հանդես եկել իսպանական Tolledo blade թերթը: Ըստ թերթի` Իսպանիայի Թոլեդո քաղաքից Հայաստան է տարվել 12 թանկարժեք թուր, որոնք պատվիրվել են դեռ երեք տարի առաջ:
Լավատեղյակ աղբյուրը թերթին հայտնել է, որ այդ թրերը պատվիրվել են այս տարվա փետրվարի 12-ին “Տիրոջ հանդիպման օրվան” նվիրված հատուկ երդման արարողություններից մեկում օգտագործելու համար: Իսկ այդ արարողությունը, նույն լրատվամիջոցի հաղորդմամբ, պետք է կայանար Հայաստանի տարածքում գտնվող հնագույն բերդերից մեկում: Թե ինչ երդման արարողություն է տեղի ունեցել կամ եղել է նման բան, թե ոչ, թերթի հրապարակման մեջ մանրամասնված չէ:
Tolledo blade-ը նշում է, որ այդ թրերի պատվիրատուների մեջ է ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը: Իսկ թե կոնկրետ ով, իսպանական թերթը չի մանրամասնում՝ հավելելով, որ այդ մասին հայաստանյան լրատվամիջոցներում չի եղել ո՛չ հերքում, ո՛չ հաստատում:
“Ժողովուրդ”-ը կփորձի առաջիկայում պարզել, թե այդ ինչ թրեր են եկել Հայաստան, եւ ով է այն բարձրաստիճան պաշտոնյան, որը ենթադրաբար մասնակցել է այդ երդման արարողությանը:
Սա բավականին աննախադեպ բան է, քանի որ զենքի որեւէ տեսակի վրա երդվելն ընդունված է միայն դաշնակցականների մոտ: Իսկ թուրը բավականին հետաքրքիր խորհուրդ ունի, որի վրա երդվելը կարող է տարընկալում ունենալ: Իհարկե, թերթում նշված չէ, որ սրերի վրա Հայաստանում ինչ-որ մարդիկ երդվել են, բայց եթե նշվում է, որ թրերը այս տարվա փետրվարի 12-ին “Տիրոջ հանդիպման օրվան” նվիրված հատուկ երդման արարողություններից մեկում օգտագործելու համար են Հայաստան բերվել, արդեն հետաքրքիր է: