Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր Գյումրիում հազարավոր քաղաքացիներ բողոքի ակցիաներ են անցկացրել՝ ի նշան բողոքի, որ Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին հանձնել են ռուսական կողմին:
Ցուցարարների մոտ է եղել նաև Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը, ով երկար ժամանակ փորձել է թուլացնել Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի մոտ եղած լարվածությունը:
Քաղաքացիները, սակայն, հրաժարվում էին հեռանալ՝ պահանջելով իրենց երաշխիքներ տալ, որ մարդասպան Պերմյակովին կհանձնեն հայկական կողմին։
Երկար քննարկումներից հետո ակցիայի մասնակիցները որոշեցին մինչև վաղը` ժամը 17:00-ն ժամանակ տալ ՀՀ դատախազությանը: Որոշվեց նաև վաղը` նշված ժամին, հավաքվել Հաղթանակի պողոտայում` լսելու ՀՀ գլխավոր դատախազի պատասխանը: