Հուլիսի 3-ին, ժամը 18.05-ին, ոստիկանության Աշտարակի բաժնում ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Րաֆֆու փողոցի թիվ 20 հասցեում վիճաբանություն է տեղի ունենում: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հիշյալ հասցեում վիճաբանություն տեղի չի ունեցել, սակայն տան երկրորդ հարկի ննջասենյակում՝ հատակին, հայտնաբերվել է 5 մլ տարողության ներարկիչ՝ բաց դեղնավուն հեղուկով, եւ նույն տարողության դատարկ ներարկիչ, իսկ սենյակի պատուհանագոգերին եղել են տարբեր տարողության պլասմասսե շշեր, ապակյա բաժակ եւ ինքնաշեն եղանակով պատրաստված, 20 մլ տարողության ապակյա սրվակ` վերին մասից մետաղալարից պատրաստված 15 սմ երկարության բռնիչով:
Տանը գտնվողները՝ 27-ամյա Կոստանդ Թ.-ն եւ 35-ամյա Արման Մ.-ն հայտարարել են, որ հատակին ընկած ներարկիչում թմրանյութ է, որն իրենք պատրաստել են իրենց օգտագործման համար, իսկ դատարկ ներարկիչի պարունակությունը Կոստանդ Թ.-ն արդեն ներարկվել էր:
Հայտնաբերված ներարկիչներն ուղարկվել են փորձաքննության:
Կոստանդ Թ.-ն եւ Արման Մ.-ն բերման են ենթարկվել բաժին եւ ուղարկվել դատաքիմիական փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: