Այս տարի էլեկտրաէներգիան եւ գազը չեն թանկանա. «Հայոց աշխարհ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Դրա համար ջանքեր չեն խնայվի

Երեկ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար ԵՐՎԱՆԴ ԶԱԽԱՐՅԱՆՆ ամփոփեց 2014թ. ոլորտում կատարված աշխատանքներն ու միկրոտնտեսական ցուցանիշները՝ ներկայացնելով նաեւ համակարգի ֆինանսական վիճակի վերլուծությունն ու առաջիկա ծրագրերը

Անդրադառնալով 2014թ. ընթացքում էներգահամակարգի գործունեության հիմնական ցուցանիշներին՝ նախարարը նշեց, որ անցած տարվա ընթացքում երկրում արտադրվել է 7750 մլն կվտ.ժ էլէներգիա, որը 0,52 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Բնակչության, բյուջետային կազմակերպությունների, արդյունաբերական ընկերությունների կողմից, ոռոգման եւ խմելու ջրերի համակարգում 2014թ. ավելի շատ էլեկտրաէներգիա է սպառվել 2013թ. համեմատ:

Ռուսաստանի Դաշնությունից եւ Իրանից ներկրված գազի քանակը 2014թ. եղել է 2 մլրդ 450 մլն խոր.մ՝ անցած տարվա համեմատ աճելով 3,8 տոկոսով: Դրանով հանդերձ, բնակչության, բյուջետային կազմակերպությունների եւ արդյունաբերական ձեռնարկությունների կողմից գազի սպառումը նվազել է համապատասխանաբար 3 եւ 4,49, 9,4 տոկոսով, փոխարենը էներգետիկայի բնագավառում գազի օգտագործման աճ է եղել:

Բնական գազի մատակարարման դիվերսիֆիկացմանն ուղղված քայլեր են արվել՝ Իրան-Հայաստան գազատարի շահագործման շնորհիվ, ինչպես նաեւ աշխատանքներ են իրականացվել բարձրավոլտ ենթակայանների վերականգնման նպատակով: Այդ աշխատանքների ֆինանսավորման համար էներգահամակարգի պետական մասնակցությամբ ընկերությունները ներգրավել են երկարաժամկետ բյուջետային վարկեր՝ մոտ 140 մլրդ դրամ»:

Ըստ նախարարի՝ ընկերությունների ֆինանսական վիճակի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ համակարգում կան չլուծված ֆինանսական խնդիրներ: Դրանց հիմնական պատճառներից Երվանդ Զախարյանը նշեց նախ 2012-13թթ. եւ 2013-14թթ. մարժային տարիներին ոչ իրատեսական էներգահաշվեկշիռները, ատոմակայանի լրացուցիչ կանգառը, ջրի սակավությամբ պայմանավորված՝ հէկերում թերի արտադրված էլեկտրաէներգիայի հետեւանքով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում առաջացած ֆինանսական ճեղքվածքը, որը կազմել է մոտ 27,6 մլրդ դրամ: Ընկերությունն արտադրող կայանների նկատմամբ մեծ պարտքեր է կուտակել: Միայն պետական մասնակցությամբ ընկերություններին 2015թ. հունվարի 1-ի դրությամբ պարտքը կազմում է 15,8 մլրդ դրամ:

Այսօրվա դրությամբ ընկերության պարտավորությունները բանկերի նկատմամբ գերազանցում են 220 մլն ԱՄՆ դոլարը, իսկ պետական ընկերությունների առեւտրային բանկերից ներգրաված վարկերը՝ 10,8 մլրդ դրամ: Ընդ որում՝ վարկերի սպասարկման հիմնական ծախսերը ներառված չեն սակագներում, ինչն իր հերթին լրացուցիչ բեռ է ընկերությունների համար:
Ստեղծված իրավիճակը նախարարը երկու հանգամանքով է պայմանավորում՝ սակագների հիմքում դրված էլեկտրաէներգիայի արտադրության ու սպառման կառուցվածքի շեղումներով եւ կառավարման խնդիրներով:
Պատճառներից մեկն էլ այն է, որ էլեկտրաէներգիայի պլանային կորուստների համեմատությամբ փաստացի կորուստները գերազանցում են:
Վերջին տարիներին բոլոր հէկերը չեն կարողանում նախատեսված չափի էներգիա արտադրել, եւ այդ չարտադրված էլեկտրաէներգիան ստիպված ապահովում ենք Հրազդանի ջերմաէլեկտրակայանի կամ 5-րդ բլոկի արտադրած էներգիայով, որը բավական թանկ է:

Նախարարի տեղեկությունները սակագների հաշվարկման նոր մեխանիզմների մասին մտավախություն առաջացրին լրագրողների շրջանում, որ կուտակված պարտքերն ու վնասները կնպաստեն էլեկտրաէներգիայի սակագնի վերանայմանը: Երվանդ Զախարյանը լրագրողների մտահոգությունը տեղին համարեց՝ նշելով, որ սակագների փոփոխություններն անխուսափելի են ամբողջ աշխարհում. «Այլ երկրներում նման վերանայումներ ավելի հաճախակի են լինում՝ մոտ վեց ամիսը մեկ, եւ ավելի ճկուն են՝ ֆինանսական ոլորտի ամեն փոփոխությունների դեպքում սակագների փոփոխություններ արվում են: Այսօր իրադարձությունները ֆինանսական դաշտում բավական դինամիկ են: Նույնն է նաեւ Հայաստանում՝ կապված դրամի արժեզրկման հետ:

Բայց միաժամանակ երկրի նախագահի եւ կառավարության դիրքորոշումը հետեւյալն է՝ անել ամեն ինչ, որ այս տարի մեր բնակիչները սակագների բարձրացման հետ կապված խնդիր չունենան եւ լրացուցիչ ֆինանսական բեռ չստանձնեն: Կարծում եմ, որ դրա համար ջանքեր չեն խնայվի, եւ այս տարի էլեկտրաէներգիայի թանկացում չի լինի»:
Ի դեպ, նախարարը նաեւ հավաստիացրեց, որ 2015թ. կայուն կպահպանվեն մատակարարվող գազի գները»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:




Լրահոս