«Հրապարակ» թերթը գրում է. «Փետրվարի 1-ից շրջանառության մեջ է դրվելու «Շրջանառության հարկի մասին» օրենքը, որ ամիսներ առաջ փոքր եւ միջին ձեռնարկությունների ներկայացուցիչների բողոքի ակցիաների արդյունքում ժամանակավորապես կասեցվել էր: Այս ընթացքում բողոքող քաղաքացիները պետք է կառավարության հետ միասին ընդհանուր լեզու գտնեին, բայց դա մինչ օրս տեղի չի ունեցել:Փետրվարի 1-ից շրջանառության մեջ է դրվելու «Շրջանառության հարկի մասին» օրենքը
Հիշեցնենք, որ այս նոր օրենքով շրջանառության հարկը 3.5-ից դառնում է 1 տոկոս, սակայն պետք է փաստաթղթավորվի ամբողջ ապրանքը, ինչը, առեւտրականների խոսքով, լրացուցիչ քաշքշուկ է ստեղծում իրենց համար: Իրենք հնարավորություն չունեն առեւտրի նման պայմաններում հաշվապահ պահել, որը կզբաղվի բոլոր այդ հարցերով, իսկ ինքնուրույն էլ չեն կարող դա անել, քանի որ իրենցից շատերը չունեն համապատասխան հաշվապահական գիտելիքներ:
Իրավիճակն էլ ավելի է բարդացել, քանի որ կառավարությունն օրենքում մի այսպիսի փոփոխություն է մտցրել. «5.4. «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան՝ առեւտրական (առքուվաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողների համար գործունեության այդ տեսակի շրջանակներում ՀՀ ներմուծված ապրանքների մասով ապրանքների ձեռքբերումը հիմնավորող՝ օտարերկրյա անձանց կողմից տրամադրված փաստաթղթերին ներկայացվող պահանջները համարվում են բավարարված նաեւ այն դեպքերում, երբ ապրանքների ձեռքբերման՝ մատակարարի կողմից հաստատված փաստաթղթերում արտացոլված են մատակարարի անվանումը, փաստաթղթի դուրսգրման ամսաթիվը, ինչպես նաեւ սույն կարգի 2-րդ կետի «դ» եւ «ե» ենթակետերով նախատեսված վավերապայմանները՝ անկախ այդ փաստաթղթերի՝ մաքսային մարմնի կողմից կնքված (հաստատված) լինելու հանգամանքից»:
«Նրանք մեզ ասում են, որ ցույց տանք արտասահմանից բերված ապրանքի փաստաթուղթը՝ առանց մաքսայինի պեչատի, դա ընդհանրապես Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտում է: Դուրս է գալիս, որ ես առանց մաքսազերծելու ապրանք եմ մտցրել երկիր: Բայց մենք վստահ չենք, որ որոշ ժամանակ անց մեզ դատի չեն տա՝ պատճառաբանելով, որ ապրանքը մաքսազերծված չէ»,- ասաց «Կասեցում» նախաձեռնության անդամ Սամսոն Գրիգորյանը»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: