Վարչապետն ու Հրայր Թովմասյանը վիճել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի կառավարության այսօրվա` հուլիսի 4-ի նիստի ընթացքում անսպասելի վեճ ծագեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի միջեւ:
Վերջինս ներկայացնում էր նոտարիատի բնագավառում էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման հայեցակարգից բխող միջոցառումների ցանկին հավանություն տալու հարցը: Հարցը ներկայացնելուց հետո ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանը լրացուցիչ քննարկումների առաջարկ արեց, ինչը սովորական պրակտիկա է կառավարության նիստի ընթացքում: Սակայն այս առաջարկը բուռն հակազդեցություն առաջացրեց արդարադատության նախարարի մոտ` նա հայտարարեց, որ կադաստրի պետական կոմիտեում այս հարցի կապակցությամբ թյուրըմբռնում կա: Չօգնեց նույնիսկ վարչապետ Տիգրան Սարգսյանի միջամտությունը: Ստորեւ ներկայացնում ենք վարչապետի եւ արդարադատության նախարարի միջեւ երկխոսության սղագրությունը.
Տ. Սարգսյան. Պարոն Թովմասյան, ձեր գործընկերությւոնը խնդրում է քննարկում, եւ կարծում եմ` կոռեկտությունը ենթադրում է, որ այդ քննարկումը պետք է անել…
Հ. Թովմասյան. Պրն վարչապետ, քննարկումն իրականացվել է, սա միջոցառումների ծրագիրն է, այստեղ նոր բան չկա, ինչ որ հայեցակարգում է սահմանված: Հայեցակարգը հաստատվելուց էլ այս հարցը բարձրացվեց եւ քննարկվեց, եւ որպես այս ոլորտում քաղաքականություն մշակող կառավարության անդամ սա եմ ներկայացրել: Գործողությունների ծրագրում փորձ անել անդրադառնալ հայեցակարգային դրույթներին` կարծում եմ կոռեկտ չէ…պատրաստ եմ բայց քննարկելու…
Տ. Սարգսյան. Պրն. Թովմասյան, դուք իզուր եք ընդդիմանում, ձեր գործընկերը խնդրում է քննարկում, հիմա դուք ի՞նչ բացատրություն եք տալիս, չեմ հասկանում: Գործընկերության կոռեկտությւոնը ենթադրում է, որ եթե գործընկերը խնդրում է քննարկում, պետք է քննարկում լինի, այդտեղ ինչ բանավիճելու առարկա կա… թե ինչ հարցի շուրջ` ես չգիտեմ, պրն. Զախարյանը չհնչեցրեց, Դուք այստեղ ենթադրություններ եք անում, գուցե նա ա՞յլ հարց էր առաջ քաշում…
Հ. Թովմասյան. Պրն վարչապետ, դրա համար կա կառավարության գործունեության կարգ, որի ընթացակարգով…
Տ. Սարգսյան. Պրն. Թովմասյան, եւս մեկ անգամ ձեզ խնդրում եմ կոռեկտությունը չխախտել
Հ. Թովմասյան. Չեմ խախտում…
Տ. Սարգսյան. Բա ի՞նչ եք անում, պետք է լսել պրն Զախարյանն ինչ է ասում…
Հ. Թովմասյան. Առաջարկությունն ընդունված է…
Տ. Սարգսյան. Կարող եք նստել պրն. Թովմասյան, շատ լավ…
news .am




Լրահոս