Սովորություն չեմ ունեցել թերթերի հրապարակումների առնչությամբ խոսել: Սակայն “Հրապարակ” թերթի “Ֆիդայական գնացքը վաղուց գնացել է” հոդվածը ինձ լուրջ մտահոգությունների տեղիք տվեց: Նախ մեկ դիտողություն. ոչ թե Սմբատ Այվազյանն է կամավորներ հավաքագրում, այլ “Մեծն Տիգրան” աշխարհազորային գունդը, որը հայտարարել է կամավորականների հավաք՝ իր մարտական կարգերը վերականգնելու, լրացնելու եւ Հայոց բանակի առաջամարտիկների կողքին կանգնելու համար (մեջբերում գնդի հայտարարության տեքստից):
Չնայած հեղինակի հարցադրումները եւ մեր սկսած գործընթացն անհամատեղելի են, սակայն իմ մտահոգության պատճառն այդ հարցադրումները չեն, այլ այն, որ ամենաընթերցվող թերթերից մեկը չի ընկալել հայկական կամավորական շարժումների էությունը եւ չի պատկերացնում “Մեծն Տիգրան” աշխարհազորային գնդի նախաձեռնության նշանակությունը:
Մեջբերեմ թերթի հրապարակման հետեւյալ հատվածը.
“19-րդ դարավերջին եւ 20-րդ դարասկզբին ֆիդայական շարժումն իր առաքելությունը կատարեց, ու թվում էր, թե ավարտեց: Սակայն 1989-92թթ. այն կրկին վերակենդանացավ՝ “ազատամարտիկների, կամավորականների ջոկատներ” անունով, եւ որոշիչ ներդրում ունեցավ Արցախն ազատագրելու պայքարում: Բայց դրանից մոտ 20 տարի է անցել: Այս ընթացքում մեր պետությունը միլիարդների ներդրում է արել ազգային բանակում, եւ անընդհատ հայտարարում ենք, թե կայացած բանակ ունենք: Իսկ այսօր, երբ գնահատականներ են հնչում, որ տարածաշրջանի ամենամարտունակ բանակը մերն է, ինչո՞վ է պայմանավորված կամավորական շարժման վերսկսումը”:
Նշեմ, որ ֆիդայականության մասին գրելիս պետք է ծանոթանալ հայ ֆիդայիների երդման տեքստերին: Միայն դա բավարար կլինի հասկանալու համար, որ հայ ֆիդային, ազատամարտիկը, կամավոր աշխարհազորայինը յուրահատուկ գաղափարախոսության կրողներ են, եւ իրենք այդպիսին են ոչ թե ինչ-որ պահի համար, այլ իրենց ամբողջ կյանքում: Եվ դա պայմանավորված չէ մեր բանակի մարտունակությամբ: Ընդհակառակը` այդպես մտածող քաղաքացու գոյությունն է բանակին լրացուցիչ լիցք ու ոգի հաղորդում:
Այն, որ մեր բանակը կարողանում է իր առջեւ դրված խնդիրները լուծել եւ պաշտպանել մեր սահմանները, ինձ հայտնի է: Եվ ես հպարտանում եմ, որ մեր բանակը կարողանում է հաջողությամբ չեզոքացնել ադրբեջանական զինուժի սադրանքներն ու հարձակողական գործողությունները: Եվ չեմ էլ ուզում պատկերացնել, որ այլ կերպ կարող էր լինել: Ուժեղ լինելու համար ուժեղ բանակ ունենալը պարտադիր եւ անհրաժեշտ պայման է: Սակայն այն չի կարող լինել բավարար պայման:
Որովհետեւ իրականում ուժեղ լինել՝ նշանակում է ունենալ թե ուժեղ բանակ եւ թե ուժեղ քաղաքացի, եւ ուժեղ ժողովուրդ: Նշանակում է ունենալ քաղաքացի, որն ամեն օր ապրում է որպես իր հողի զինվոր, որը մտածում է որպես իր երկրի զինվոր: Եվ դա անում է առանց պարտադրանքի, կամովին՝ հավատալով իր արածի ճշմարիտ լինելուն: Կամավորագրված աշխարհազորայինը հենց այդ քաղաքացին է: Իսկ քաղաքացու այդ տեսակը չպետք է ձեւավորվի արհավիրքների ժամանակ: Քաղաքացու այդ տեսակը պետք է ձեւավորել, պահպանել ու զորացնել ամեն օր: Այդ դեպքում արհավիրքներ ու օրհասներ չեն լինի, այդ դեպքում գոյատեւման ճակատամարտեր չենք տա:
Ես շատ լավ գիտեմ, թե ինչ է զինապարտությունը, գիտեմ, որ կազմակերպվում են հավաքներ: Սակայն մի բան է, երբ քեզ կանչում են, եւ դու պարտադրված գնում ես հավաքի, մի այլ բան է, երբ դու ինքդ ես քեզ հավաքագրել, երբ դու ամեն օր պատրաստ ես գնալու, երբ դա քեզ համար դառնում է ապրելու կերպ: Եվ եթե այսօր “Մեծն Տիգրան” աշխարհազորային գունդը հայտարարում է կամավորների հավաք, ապա դրա մեջ պետք է տեսնել քաղաքացուն իր երկրի նվիրյալը դարձնելու գործընթաց: Եվ պետք չէ ինչ-որ խելոք մտքեր ու արտահայտություններ տպելով՝ հեղինակազրկել այդ գործընթացը:
Բոլորս ականատեսն ենք լրջագույն մարտահրավերների, որ կանգնած են մեր հասարակության առաջ: Դրանցից շատերը գուցե չլինեին, եթե մեր քաղաքացիների մեջ շատ լինեին ազատամարտիկների, կամավոր-աշխարհազորայինների նման մտածողները: Եթե այդպես լիներ, այսօր կունենայինք կարգին բնակեցված սահմանամերձ գոտի: Եթե այդպես լիներ, մեր սահմանամերձ գոտու բնակիչը կմտածեր ու կապրեր ազատամարտիկի նման եւ կունենար դրան համապատասխան կարգավիճակ: Այդ գոտում ծառայող հայ զինվորն իրեն կզգար շատ ավելի հզոր, իսկ այդ զինվորին բանակ ուղարկող ծնողը` շատ ավելի հանգիստ:
Ես, իհարկե, պատահականորեն չօգտագործեցի “կարգավիճակ” տերմինը: Այդ մասին մոտ ապագայում մենք հասարակությանը կներկայացնենք մեր տեսակետները: Այսօր ընդամենը կասեմ, որ, Արտաշես Առաջինից սկսած, հայոց պետություններում սահմանամերձ գոտիների համար սահմանված է եղել մյուս տարածքներից տարբերվող կարգավիճակ: Մենք չպետք է ստանդարտներով մտածենք ու պետք է հասկանանք, որ մենք պարտադրված ենք ունենալ ուժեղ քաղաքացի ու լինել ուժեղ ժողովուրդ: Ճակատագիրը մեզ այլընտրանք չի տվել:
Վերջում կուզենայի իմ գոհունակությունը հայտնել Սասուն Միքայելյանի մեկնաբանության հետ կապված ու ասել. այդպես կարող է խոսել ու մտածել հզոր քաղաքացին: Այդպես մտածող քաղաքացիների առկայությունն է երկիրը երկիր դարձնում, հանրությանը` հզոր հասարակություն:
Սմբատ ԱՅՎԱԶՅԱՆ