Հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ողբերգությունը մտահոգել է ողջ հայ ժողովրդին, և այդ կապակցությամբ ողջ իրավապահ համակարգն ու հասարակությունը ձեռնամուխ են լինում, որպեսզի մեղավոր անձը քրեական պատասխանատվության ենթարկվի օրենքի ողջ խստությամբ:
Այսպիսի հայտարարությամբ սկսեց Գյումրիում իր ասուլիսը ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը և արձանագրեց երկու փաստ` ՀՀ-ն ձեռնարկել և ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները ՀՀ օրենսդրության և միջազգային օրենքով պայմանավորված միջոցներով, որպեսզի մենք ունենանք քրեական պատասխանատվություն` մեղավորի կամ մեղավորների, ովքեր որևէ կերպ առնչություն են ունեցել այս հանցագործությանը:
«Համենայն դեպս, ես կուզենայի նաև այսօր անդրադառնալ ներպետական և միջազգային իրավական կարգավորումներին, որպեսզի ավելի հիմնավորված կարծիքներ ունենանք: Հանրության մակարդակն այն չափ է բարձրացել, որ իրեն իրավունք է վերապահում մեկնաբանություններ անել իրավական հարթության վրա: Կանդրադառնամ նաև այն քննչական գործողություններին, որոնք այս պահին իրականացվում են: Ես այսօր կհանդիպեմ ցանկացած քաղաքացու հետ, և բոլոր նրանք, ովքեր ունեն հարցեր, և կպատասխանեմ բոլոր հարցերին` անկախ նրանից՝ դա մարդկանց դուր կգա, թե՝ ոչ»,- ասաց գլխավոր դատախազը` անդրադառնալով նաև դատախազության այն հայտարարությանը, որում ասվում էր, թե ՌԴ քաղաքացուն ՌԴ-ին չհանձնելու խոսք լինել չի կարող: Գլխավոր դատախազի խոսքով` իրեն զարմացրել է այն հանգամանքը, որ մարդկանց մոտ տարբեր հարցեր են առաջացել և բուռն քննարկման թեմա է դարձել այս հանգամանքը:
Գևորգ Կոստանյանը շեշտեց, որ մենք ունենք երկու տիպի իրավազորություն` տարածքային և անձնականև հավելեց՝ թե՛ նախաքննության, թե՛ դատաքննության ընթացքում Պերմյակովը ՀՀ տարածքում է լինելու:
Գևորգ Կոստանյանի ասուլիսը շարունակվում է: