Ռուսական կողմը հարուցել է քրեկան գործ իր օրենսդրությամբ, մենք էլ` մեր օրենսդրությամբ: Այս մասին այսօր Շիրակի մարզի դատախազությունում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:
Հիշեցնենք, որ այսօր գլխավոր դատախազը լրագրողներին ներկայացրեց հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած սպանդի քննչական գործողությունների վերաբերյալ մանրամասներ:
Գ. Կոստանյանի փոխանցմամբ` այս պահին կարևոր հանգամանք է` արդյոք հայկական կողմն ունի իրավազորություններ հանցանք կատարած անձի նկատմամբ:
«Մենք արդեն հայտնել ենք, որ քննարկումներ են իրականացվել ՌԴ գլխավոր դատախազության հետ: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ հանցագործությունը կատարվել է ՀՀ տարածքում, քրեական գործ է հարուցվել ՀՀ օրենսդրությամբ: Անձին որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել Քննչական կոմիտեի քննիչի կողմից: Սա այն դեպքը չէ, որ զգացմունքներով շարժվենք: Մենք գործ ունենք միջազգային իրավական կարգավորման հետ: ՀՀ օրենսդրության բացարձակ կիրառման մասին խոսք լինել չի կարող»,- շարունակեց պարզաբանել Գևորգ Կոստանյանը:
Վերջինս նշեց նաև, որ հանցագործության ծանրությունն այս դեպքում ևս չի կարող հաշվի առնվել: Իրավական տեսանկյունից Հայաստանը չի կարող առկա պայմանագրի այս կամ այն կետը փոխադրել մեկ այլ կետով: Գևորգ Կոստանյանը վստահեցրեց, որ անկախ այն հանգամանքից՝ հանրահավաքներ կլինեն, թե՝ ոչ, իրենք նույն կերպ պետք է իրականացնեին քննչական գործողությունները:
Ասուլիսը շարունակվում է: