ԵԹԵ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԵԻՆ` ԿՀԱՅՏԱՐԱՐԵԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ազգային Ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Մարտին Սարգսյանը ,Ժողովուրդե-ի հետ զրույցում ասաց, թե իր համար  անհասկանալի է ,Բարգավաճ Հայաստանե կուսակցության պահվածքը: Նա նաեւ հավելեց, որ եթե ԲՀԿ-ն ընդդիմություն լիներ, ապա ԱԺ արտահերթ նիստի ժամանակ պետք է այդ մասին հայտարարեր, ինչն այդպես էլ չի արել:
-Պարո՛ն Սարգսյան, ՀՀ կառավարության հնգամյա ծրագիրն ուսումնասիրե՞լ եք, ըստ Ձեզ՝ հնարավոր կլինի՞ այն իրագործել:
-Սա նաեւ Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագիրն էր, ընդ որում ժողովուրդը, գիտեք, որ այս ծրագրին դրական գնահատական տվեց, ինչի արդյունքում այժմ Ազգային Ժողովում Հանրապետական կուսակցությունը մեծամասնություն է կազմում: Այսինքն՝ այս ծրագիրը նաեւ ժողովրդի կողմից ընտրված ծրագիր է, ու այն պետք է կյանքի կոչել:
-Սակայն բացի ՕԵԿ-ից, ԱԺ մյուս խմբակցությունները թերահավատորեն են վերաբերում այդ ծրագրի իրագործմանը, վերջիններս դեմ են քվեարկել ծրագրին` նշելով, որ դա ընդամենը շատ լավ շարադրված հեքիաթ է: 
-Ընդհանուր ծրագրի գաղափարները, ուղղվածություններն իրենք ընդունում են, պարզապես հիմնական խնդիրն այն է, որ նրանք ցանկանում են՝ այդ ընդհանուր ծրագրի տակ լինեն կառավարության այն բոլոր քայլերը, որոնցով պետք է այդ ծրագրերը կյանքի կոչեն, դրա մեխանիզմները եւ այլն: Սա նաեւ ընդհանուր առումով քաղաքական ծրագիր է, եւ մեխանիկաբար կառավարությունը պետք է միջոցներ ձեռնարկի, եւ լինեն տարբեր ֆինանսական միջոցներ, որպեսզի կառավարության ներկայացրած այսօրվա ծրագիրն իրագործելի դառնա, կյանքի կոչվի: Սա 5 տարվա ծրագիր է, այլ ոչ թե մի քանի օրվա: Իհարկե, եթե այդ ծրագիրը գրել են, ուրեմն իրագործելի է: Այնտեղ՝ ծրագրում, հաշվի են առնվել նաեւ այն մարտահրավերները, որոնք այսօր կան մեր իրականության մեջ: Ուղղակի կառավարությունը պետք է կարողանա նախօրոք կանխագուշակել այդ մարտահրավերներն ու միջոցներ ձեռնարկել դրանց դիմակայելու համար:
-Ձեր նախկին կոալիցիոն գործընկեր ,Բարգավաճ Հայաստանե կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ իրենք դեմ են ե՛ւ կառավարությանը, ե՛ւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին: Ըստ Ձեզ` իրեն կառուցողական ուժ համարող ԲՀԿ-ն ի՞նչ է պահանջում, ո՞րն է նրանց նպատակը:
-Դե ի՞նչ կարող եմ ասել, եթե իրենք ընդդիմություն լինեին, ապա պետք է այդ ամենի համար հայտարարություն անեին: Բայց իրենք Ազգային Ժողովում այդպես էլ հայտարարություն չարեցին: 
Ի՞նչ եք կարծում, ԲՀԿ-ն ,ա՞չք ունիե վարչապետի աթոռի վրա:
-Ես ընդհանուր առումով չեմ կարող կանխագուշակել, թե իրենք ինչ են ուզում՝ վարչապետի աթոռ, թե ինչ: Խնդիրներ կան, որ նաեւ հնչեցրին ԱԺ-ում, բայց իրենք երբեւիցե չպետք է ձերբազատվեն այն մտքից, որ նախկինում իրենք մասնակից են եղել այն ծրագրերի իրագործմանը, որոնք տեղի են ունեցել անցյալ տարիների ընթացքում: Իրենք եւս տարբեր ոլորտների նախարարներ են ունեցել, եւ եթե այն ժամանակ էլ գիտեին այդ խնդիրների մասին, պետք է ասեին կամ հրաժարական տային: Օրինակ՝ ՀՅԴ-ի դեպքում եղան հրապարակային տարաձայնություններ, իրենք կոալիցիոն գործընկերությունից դուրս եկան: Բայց ԲՀԿ-ի դեպքում նման բան չի եղել, կոալիցիան միշտ էլ եղել է, միշտ աշխատել են: Պարզապես ես այստեղ տեսնում եմ նաեւ քաղաքական մոտեցումներ այդ խնդիրների շուրջ: Եթե իրենք այսօր ունեն լավ առաջարկներ, լավ ծրագրեր, որոնք կարող են կյանքի կոչվել, իհարկե պատրաստ ենք դա էլ լսել:
-Ձեր կուսակից Ռուբեն Հայրապետյանին պատկանող ,Հարսնաքարե ռեստորանում դաժանաբար ծեծի էին ենթարկել ՊՆ բժիշկների, որոնցից մեկի վիճակը մինչեւ այսօր ծայրահեղ ծանր է: Ինչպե՞ս եք այդ փաստին վերաբերում:
-Անկեղծ եմ ասում` տեղյակ չեմ, թե իրականում ինչ է տեղի ունեցել: Ձեզանից եմ լսում:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս