Հայկական կողմը կոֆե տանող-բերողի դերում է. Լևոն Բարսեղյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 12-ին հանրապետության երկրորդ քաղաքում տեղի ունեցած դժբախտ դեպքը միայն գյումրեցիների ողբերգությունը չէ. այն համահայկական է:

Նման կարծիք այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը: Վերջինս վստահ է, որ նշված գործով «ռուսը որոշում է, պատմում է հայ ոստիկանին, հայ ոստիկանը` հայ հանրությանը»:

«Իսկ էդ մարդն այդպես էլ գլխի չընկավ, որ պետք է սուգ հայտարարի: Որովհետև մեր իշխանություններն անողնաշար են: Իրեն ոչ ոք չի խնդրում ծաղկեփունջ բերի, լավ կլինի չբերի, թե չէ վատ կլինի, ընդամենը կարող էր սուգ հայտարարել: Երբ ամերիկացի զինվորականը գնդակոծություն արեց, Օբաման անձամբ ներողություն խնդրեց: Ու թող իմանան, որ մենք խեղճ տղեք չենք ու ռուսական լոբբիստների հետ խոսելու մեր ձևերն ունենք: Ռուսական իրավապահները մնում են այս գործով որպես գլխավոր կատարող, իսկ հայկական կողմը` կոֆե տանող-բերող»,- շարունակեց Լևոն Բարսեղյանը:

Վերջինս նշեց նաև, որ դեռևս պարզ չէ` ով է լինելու տուժողի իրավահաջորդ, սակայն այս հարցը միանշանակ վարույթն իրականացնող մարմինը պետք է լուծի մինչ Վալերի Պերմյակովը որպես մեղադրյալ ցուցմունք տալը:

Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Գյումրիում դաժան սպանություն է տեղի ունեցել. սպանված են գտել մեկ ընտանիքի վեց անդամներին: Սպանված վեց անդամների թվում կա մանկահասակ երեխա՝ 1 տարեկան 8 ամսական երեխա: Բացի ընտանիքի վեց անդամներից, ևս մեկ մանկահասակ երեխա՝ վեց ամսական փոքրիկն այս պահին վնասվածքներով գտնվում է «Սուրբ Մարիամ Աստվածածին» բժշկական կենտրոնում: Զանգվածային սպանության մեղադրանքով կալանավորվել է ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը, ում մեղադրանք է առաջադրվել սպանության և դասալքության համար:

Իսկ այսօր ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Շիրակի մարզի դատախազությունում ասուլիս է հրավիրել, որի ընթացքում հայտարարել է, որ հանցանք կատարած անձի գործով թե՛ նախաքննությունը, թե՛ դատաքննությունն անց է կացվելու ՀՀ-ում: Գևորգ Կոստանյանը կարևոր չի համարել մեղադրյալի գտնվելու վայրը: Նա նաև չի կարողացել մեկնաբանել` ինչու է ՌԴ իրավապահ մարմինը Պերմյակովին մեղադրանք առաջադրել նաև սպանության հոդվածով:




Լրահոս