«Հրազդան» տոնավաճառի աշխատակիցները մեծ բունտի են պատրաստվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հրազդան» տոնավաճառի աշխատակիցները պատրաստվում են այսօր բողոքի ակցիա անցկացնել, քանի որ «Հրազդան» տոնավաճառի սեփականատեր, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը բարձրացրել է տաղավարների վարձավճարները:

Տոնավաճառի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել էր, թե բոլոր աշխատակիցներն էլ տեղյակ են, որ հունվարի 15-ին պետք է նոր պայմանագիր կնքեն. «Զուտ աշխատանքային փոխհարաբերություններ են գործատուի և աշխատողի միջեւ: Մենք ունենք մեր աշխատանքային կանոնադրությունն ու կանոնակարգը: Ամեն ամիս մեր մոտից կարող է հեռանալ որեւէ առեւտրական կամ նորը գալ, դա սովորական երեւույթ է մեզ համար»:

Շուկայի աշխատակիցներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, Armlur.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ շուկայի աշխատակիցների շատ փոքր հատվածը կարող էր տեղյակ լինել վարձավճարների բարձրացման մասին: Աշխատակիցը մեզ հետ զրույցում հայտնեց, որ 2014թ դեկտեմբեր ամսին իրենց մոտ չափագրումներ են իրականացրել, սակայն որևէ կերպ չեն պարզաբանել, թե ինչու է դա արվում:

Նոր պայմանագրի և վարձավճարների բարձրացման մասին աշխատակիցներն իմացել են հունվարի 7-ին, երբ առաջին անգամ գնացել են աշխատանքի: Տոնավաճառի աշխատակիցներին հանձնարարվել է աղմուկ չբարձրացնել և նրանց խոստում է տրվել, որ վաղը ժամը 14:00-ին նրանց պատասխան կտրվի: Տոնավաճառի աշխատակիցը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ եթե պատասխանն իրենց չգոհացնի, մեծ աղմուկ կբարձրացնեն:

Նշենք նաև, որ այսօր աշխատակիցները պետք է վճարեին դեկտեմբեր ամսվա վարձավճարը, սակայն չեն պատրաստվում ոչինչ վճարել՝ մինչ վերջնական պատասխանը:

«Հրազդան» հոլդինգի մամուլի ծառայության ղեկավար Թամարա Սարգսյանն էլ Armlur.am-ի հետ զրույցում նշեց, որ ոչ բոլոր տեղերի վարձավճարներն են ավելանալու:

«Բարձրացումը վերաբերել է ոչ թե ամբողջ տոնավաճառին, այլ միայն մետաղյա կոնտեյներներում առեւտուր իրականացնողներին: Նրանք մոտ 1 տարի առաջ մարզադաշտի «յարուսի» տակի տարածքից, որտեղ վարձավճարներն ավելի ցածր էին, քան վրաններինը, տեղափոխվել են կոնտեյներներ: Սակայն նրանց վարձավճարները չէին բարձրացել, չնայած որ ավելի լավ պայմաններ էին, քան վրաններինը: Այժմ, ըստ էության, մի կողմից վարձավճարների համահարթեցում է գնում, մյուս կողմից էլ դոլար-դրամ հարաբերակցության փոփոխությունն իր դերակատարությունն ունի այս հարցում: Ըստ պայմանագրի, «Հրազդան» մարզադաշտի առեւտրականները տեղի վարձավճարները վճարում են դոլարին համարժեք դրամով, ուստի «Հրազդան» մարզադաշտի առեւտրի կենտրոնը, ելնելով դոլար-դրամ հարաբերակցության փոփոխությունից եւ մարզադաշտի ֆինանսատնտեսական վիճակից ստիպված է վերանայել վարձավճարները» –  նշեց նա,:

Նա ընդգծեց, որ այդ վարձավճարներից է գոյանում այն գումարը որով պահվում է «Հրազդան» մարզադաշտը:

Հիշեցնենք, որ հունվարի 11-ին տոնավաճառի աշխատակիցները բողոքի ակցիա էին անցկացրել, քանի որ վաճառքի կետերի համար գանձվող գումարը բարձրանալու էր: Վաղը տոնավաճառի աշխատակիցները կրկին կհանդիպեն և կփորձեն իրենց բողոքի ձայնը հասցնել տոնավաճառի տնօրինությանը:




Լրահոս