Armenian text to speach

ԵՐԿԻՐ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Կառավարության ներկայացրած այս, ինչպես նաեւ նախորդ բոլոր ծրագրերում, որպես կանոն, նշվում է, որ երկրի իշխանություններն ամեն ինչ անելու են, որպեսզի ՀՀ քաղաքացիների համար ստեղծեն բարենպաստ եւ հարմարավետ կենսագործունեության միջավայր: Դրա համար վերջին առնվազն տասնհինգ տարիներին, ըստ կառավարական ծրագրերի եւ տարբեր ռազմավարությունների, իրականացվել են մի շարք  բարեփոխումներ` առաջին, երկրորդ, անգամ երրորդ սերնդի: Սակայն, չգիտես ինչու, հասարակ քաղաքացին այդպես էլ չի զգում, որ իր կյանքը բարեփոխվել է, եւ որ իր շահերը պաշտպանված են երկրի օրենսդրությամբ: Ընդ որում, խոսքն այնպիսի հարցերի մասին չէ, որոնց լուծումը կախված է  ֆինանսական ճգնաժամի, երկրի ապաշրջափակման եւ այլ գլոբալ խնդիրներից: Խոսքն ամենատարրական հարցերի մասին է, որոնց մեր բազմաթիվ հայրենակիցներ բախվում են ամեն օր` արդյունքում օրական մի քանի անգամ արտասանելով Սերժ Սարգսյանի այդքան չսիրած` «էս երկիրը երկիր չէ» արտահայտությունը: Օրինակ՝ երեւանաբնակ միջին վիճակագրական  քաղաքացին, առավոտյան արթնանալով, որոշում է ցնցուղ ընդունել եւ հանկարծ հայտնաբերում է, որ «Երեւանջուր»-ը հերթական «բարեփոխումն» է իրականացրել իր գրաֆիկում` ամռան ընթացքում ավելացնելու փոխարեն նվազեցնելով  ջրամատակարարումը: Առավոտ կանուխ արտասանելով առաջին «էս երկիրը երկիր չէ»-ն՝ քաղաքացին շտապում է աշխատանքի: Իջնելով կանգառ եւ սպասելով մոտավորապես կես ժամ` նա պատահական անցորդից տեղեկանում է, որ այդ օրն իրենց  երթուղայինը չի աշխատելու, որովհետեւ քաղաքապետարանը որոշել է մրցույթ անցկացնել` այդ ընթացքում, չգիտես ինչու, չհոգալով քաղաքացիների տեղաշարժի ապահովման մասին: «Էս երկիրը երկիր չէ»` օրվա մեջ երկրորդ անգամ համոզվում է քաղաքացին ու փորձելով նախազգուշացնել աշխատանքից ուշանալու մասին՝ զանգում է աշխատավայր: Սակայն պարզվում է, որ հերթական անգամ խափանվել է «Արմենթել»-ի` կամ նույն իր` «Բիլայն»-ի ցանցային համակարգը, եւ քաղաքացին զրկված է ոչ միայն տեղաշարժի, այլեւ հաղորդակցման հնարավորությունից: Աշխատանքից չուշանալու համար նա ստիպված նստում է ճանապարհին պատահած տաքսին: Սակայն ունեցած առանց այդ էլ սուղ միջոցներն անտեղի վատնելուց նեղված քաղաքացուն տաքսուց իջնելիս սպասում է հերթական «բարեփոխումը»` մի քանի հարյուր դրամով սովորականից ավել հաշվի տեսքով, քանի որ, նոր օրենքի համաձայն, տաքսիներն արդեն սկսել են այլ կարգով աշխատել: Թե օրվա մնացած հատվածում տարբեր առիթներով քանի անգամ է քաղաքացին արտասանում «էս երկիրը երկիր չէ»` կախված է  տարբեր հանգամանքներից, սակայն որ քաղաքացին ամեն Աստծո օր զգում է, որ իր շահերը ոտնահարվում են այս երկրում, ակնհայտ է: Ու եթե Սերժ Սարգսյանն իսկապես ցանկանում է, որ մարդիկ հավատան՝ «էս երկիրը երկիր է», ուրեմն պետք է սկսի քայլեր ձեռնարկել ու պատասխանատվության ենթարկել համապատասխան օղակներին` տվյալ դեպքում  «Երեւանջուր»-ին, քաղաքապետին եւ «Արմենթել»-ին: Թե չէ` միայն սիրուն ճառերով էս երկիրը երկիր չի դառնա:




Լրահոս