ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հայ ժողովրդի հետ խոսում է հանելուկներով: Այսօր Գյումրիում՝ Ավետիսյանների ընտանիքի հուղարկավորության ժամանակ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
«Շատ հստակ պատասխանները պետք է հնչեն: Շատ լուրջ հարցեր կան նաև Ոստիկանության հետ կապված, Ազգային անվտանգության ծառայության հետ կապված, որովհետև Գյումրի քաղաքում ավտոմատավորը 40 րոպե քայլում է քաղաքում և ոչ մի խոչընդոտի չի հանդիպում», – ընդգծեց նա:
Պատգամավորի համար անհասկանալի է, թե ինչ է նշանակում գլխավոր դատախազի ասած «Հայաստանի Հանրապետության տարածքում» արտահայտությունը, և նա ընդգծեց, որ Գ. Կոստանյանն ինքը պետք է մեկնաբանի իր ասածները:
«Պետք է մեր ընթացակարգերով տեղի ունենա գործի քննությունը, բայց այսօրվա դրությամբ նույնիսկ մեր քննիչները չեն հանդիպել կասկածյալի հետ: Քանի որ Հայաստանի իրավապահ մարմիններն այդպես էլ հստակ պատասխան չեն տալիս, ես կարծում եմ, որ Ազգային ժողովում պետք է տեղի ունենա մի քանի հանձնաժողովների համատեղ նիստ, և համապատասխան մարմինները պետք է գնահատականներ տան», – հավելեց նա:
Հիշեցնենք, որ Գևորգ Կոստանյանը հայտարարել է, որ սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովն իր պատիժը կրելու է Հայաստանի Հանրապետության տարածքում, սակայն չի մանրամասնել, թե որ երկրի դատարանն է զբաղվելու դատավարությամբ: