Ինչպես արդեն տեղեկացրել էր «Ժողովուրդ»-ը` քաղաքացիներից ահազանգ է ստացվում այն մասին, որ ՀՀ որոշ դեղատներում «Նիֆիդիպին» կոչվող դեղամիջոց չկա: Նշենք, որ այս դեղամիջոցը հիմնականում օգտագործվում է արյան բարձր ճնշում ունեցող հիվանդների կողմից: Տեղեկացնենք, որ համանման դեղերի շարքում այն համեմատաբար մատչելի է:
Armlur.am-ը փորձեց ճշտել` արդյոք խոշոր ներմուծողներին ձեռնտու չէ նույն ֆունկցիան կատարող մյուս դեղամիջոցների հետ համեմատած մատչելի դեղամիջոցը ներմուծել Հայաստան:
Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի ներմուծման բաժնից մեզ հայտնեցին, որ գոյություն ունի «Նիֆիդիդպին»-ի 9 առևտրային անվանում և 9 տարբեր դոզաներ: «Պետք է նշեմ, որ խնդիրը մեզ հետ կապված չէ: Ներմուծող կազմակերպությունների հետ է հավանաբար այն առնչվում»,-ասաց ներմուծման բաժնի աշխատակիցը` հավելելով. «Ամեն ներմուծող իր գինն ունի, այնպես որ շատ հնարավոր է նույն դեղատեսակը տարբեր գներով հանդիպեն դեղատներում»:
«Ալֆա Ֆարմ» դեղագործական ընկերության մարկետինգի բաժնից մեզ տեղեկացրին, որ այս պահի դրությամբ իրենք ունեն այդ դեղատեսակի անհրաժեշտ քանակությունը:
«Մեզ մոտ գերմանական արտադրության «Նիֆիդիպին»-ն է առկա: Վերջին շրջանում չենք ունեցել այդ դեղատեսակի պակասը, 100 հատն արժե 3710 դրամ»,- ասաց ընկերության աշխատակիցը:
Իսկ ահա «Նատալի Ֆարմ» ընկերության մարկետինգի բաժնի աշխատակիցը հաստատեց մեր այն տեղեկությունը, որ նշված դեղատեսակը չի ներմուծվում Հայաստան: Ընկերության դեղագործական բաժնից հրաժարվեցին պարզաբանել, թե որն է խնդիրը, որ նշված դեղատեսակը չի ներմուծվում` նշելով, որ գրավոր հարցման դեպքում կարող են պատասխանել մեր հարցին: