Սերժ Սարգսյանի՝ Բրյուսել կատարած այցը կարելի է համարել ձախողված: Նրան այդպես էլ չի հաջողվել համոզել Եվրամիությանը՝ Հայաստանին տրամադրել խոստացված 1.5 մլրդ եվրո գումարը:
ԵՄ ընդարձակման եւ հարեւանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի խոսնակը՝ Փիթեր Ստանոն, «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում ասել է, թե ԵՄ-ն հայտարարել է, որ Հայաստանին ֆինանսապես օժանդակելու նպատակով դոնորների համաժողովը կանցկացնի 2013-ի նախագահական ընտրություններից հետո: Նա նաեւ ակնարկել է, որ խորհրդարանական ընտրությունները լիովին չեն արդարացրել Բրյուսելի ակնկալիքները:
«Մայիսին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունները հիմնականում դրական անցան, սակայն կան հարցեր, որոնք լուծում են պահանջում, եւ կախված այն հանգամանքից, թե ինչպես Հայաստանը կարձագանքի այդ խնդիրներին 2013-ի նախագահական ընտրություններն ազատ եւ արդար անցկացնելու առումով, առավել հստակ կլինի՝ երբ է անցկացվում այս համաժողովը, ինչպես նաեւ՝ ինչ կարող է անել Եվրամիությունը Հայաստանին էլ ավելի աջակցելու եւ մեր օրակարգում առկա բոլոր ծրագրերը կատարելու ուղղությամբ»,-ասել է նա:
ԵՄ ներկայացուցիչը նաեւ բացատրել է, թե որ դեպքում Հայաստանը կարող է ակնկալել խոստացված ֆինանսական օգնությունը. «Անհրաժեշտ է առաջիկա նախագահական ընտրություններից առաջ հարթել այն բացթողումները, որոնք արձանագրվել են խորհրդարանական ընտրությունների ժամանակ՝ միջազգային չափանիշներին լիովին համապատասխան ընտրություններ անցկացնելու համար»:
Խոստացված գումարները չտրամադրելը, թերեւս, կարելի է համարել Հայաստանին ուղղված լուրջ ապտակ: «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ հունիսի սկզբին այդ գումարի համար Բրյուսել էր մեկնել Տիգրան Սարգսյանը, որը, սակայն, Երեւան վերադարձավ ձեռնունայն (խոսքը, ի դեպ, այն վարչապետի մասին է, որն այդ պաշտոնին նշանակվեց միջազգային կառույցներից գումարներ բերելու «շնորհքի» համար):
Ու հիմա, փաստորեն, ԵՄ-ն մերժում է նաեւ Սերժ Սարգսյանին, որն այսքանից հետո անձամբ էր գնացել՝ փող խնդրելու, նաեւ՝ ապագա ընտրությունների վերաբերյալ երաշխիքներ տալու:
Ակնհայտ է, որ ԵՄ կողմից ՀՀ իշխանությունների նկատմամբ այս վերաբերմունքը միջազգային ամենաբարձր ատյաններում իրենց տված խոստումները չկատարելու հետեւանք է: Օրինակ՝ ե՛ւ Սերժ Սարգսյանը, ե՛ւ Տիգրան Սարգսյանը միջազգային ամբիոններից էին խոստացել անցկացնել ազատ ու արդար ընտրություններ: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը լավագույնս պատասխանում է հարցին, թե դրանք որքանով էին ազատ ու արդար:
ԵՄ դիրքորոշման պատճառը պայմանավորված չէ միայն ԱԺ ընտրություններով: Այս հարցում դեր ունի նաեւ ԼՂ խնդրի կարգավորված չլինելը: Այլ կերպ ասած՝ ԵՄ-ն էլ իր հերթին անուղղակի կերպով որոշակի ճնշումներ է գործադրում ԼՂ խնդրի լուծմանը հասնելու համար: Ու այս առումով պատահական չէ, որ Փիթեր Ստանոն իր հարցազրույցում ակնարկում է ԼՂ խնդրի մասին: Նա հայտարարել է, որ անհրաժեշտ է ավելացնել ջանքերը՝ Մինսկի խմբի առաջարկած հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության հասնելու համար:
Եւս մեկ ուշագրավ հանգամանք. իշխանությունները խոստացել էին բարեփոխումներ անել մի շարք ոլորտներում՝ տնտեսական, դատաիրավական, կոռուպցիայի դեմ պայքար եւ այլն: Իշխանությունները խոստացել էին նաեւ տարանջատել բիզնեսը քաղաքականությունից: Սակայն այս ուղղությամբ որեւէ քայլ չեն կատարել: Մինչդեռ Եվրոպայի համար կարծես թե կարեւոր է, որ եթե իրենք գումար են տրամադրում, այն էլ պատկառելի չափերի, ապա այն պետք է ծառայի համակարգի բարեփոխմանը, այլ ոչ թե ռեժիմի բյուրեղացմանը, ինչին ականատես ենք լինում հիմա:
ՍԱՐԳՍՅԱՆ ՍԵՐԺԻՆ ՄԵՐԺԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ