ՓՈԽԵ՛Ք «ՊՐԱՎԱՆԵՐԸ»
«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ գործողության ժամկետի նշում չունեցող (հին նմուշի) վարորդական վկայականների գործողության ժամկետն ավարտվում է 2012թ. հունիսի 30-ին, որից հետո այդ վկայականներով տրանսպորտային միջոց վարելը կառաջացնի տուգանք` նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով: Ոստիկանության տեղեկացմամբ՝ ՃՈ հաշվառման-քննական տարածքային ստորաբաժանումներում 2012թ. հունիսի 30-ից հետո եւս կշարունակվի գործողության ժամկետի նշում չունեցող (հին նմուշի) վարորդական վկայականների փոխանակման գործընթացը` առանց որեւէ տուգանքի նշանակման:
ԱՐԴԱՐԱՑՆՈՒՄ Է
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, անդրադառնալով Եվրադատարանում պարտված գործերին, արդարացել է. «Որոշ դեպքերում, երբ մենք այսօր պարտվում ենք, 2003-2006թթ. գործեր են, որոնք նոր են հասել: Մեծ մասի պատճառը ոչ թե դատավորի սխալն է, այլ մեր օրենսդրությունն է հակասել եվրոպական չափորոշիչներին»: Նախարարը նաեւ նշել է. «Բոլոր այն դեպքերում, երբ պարզ կդառնա, որ դատավորը թույլ է տվել կոպիտ եւ ակնհայտ խախտում, դրանից հետո մենք կարող ենք խոսել ռեգրեսի մասին, այսինքն՝ պետության կողմից տվյալ անձին ռեգրեսիվ հայտ ներկայացնելու մասին: Քանի դեռ սա չկա, դատավորի անկախության երաշխիքներից մեկն այն է, որ նման դեպքում դատավորը պատասխանատվության չենթարկվի»:
ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵՑԻՆ
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով՝ ոստիկանին ոչ հարիր պահվածքի համար ոստիկանական համակարգից հեռացվել են ոստիկանության Երեւանի վարչության Նոր Նորքի բաժնի աշխատակիցներ, ոստիկանության մայորներ Արա Կիրակոսյանը, Դերենիկ Բալեյանը եւ ոստիկանության սերժանտ Արմեն Ալեքսանյանը: Tert.am-ի տեղեկացմամբ՝ հունիսի 27-ին այս երեք ոստիկանները Նորք-Մարաշի «Սուրբ Աստվածամայր» եկեղեցու բակում ծեծի են ենթարկել նշված եկեղեցու պահակ 63-ամյա Հարություն Ավետիսյանին: Պարզվել է, որ ոստիկանները եղել են ոչ սթափ վիճակում: Հարուցված քրեական գործի շրջանակներում Արա Կիրակոսյանն ու Արմեն Ալեքսանյանը ձերբակալվել են, իսկ Դերենիկ Բալեյանը ստորագրությամբ ազատ է արձակվել:
ԲԱ ԱՄԱԼՅԱ՞ՆԸ
Սերժ Սարգսյանն ու Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը քննարկել են վերջերս մի շարք մտավորականների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից ՀՀ նախագահին ուղղված նամակը, որով իրենց մտահոգությունն են հայտնում հեռուստատեսության ագրեսիվ, քրեածին եւ հակասոցիալական բովանդակության վերաբերյալ: Սարգսյանն էլ, կարեւորելով բարձրացված խնդիրները, դիմել է Հանրային խորհրդին` հարցն իր հովանու տակ առնել եւ մշակել ինչպես Հանրային, այնպես էլ մասնավոր հեռուստաընկերությունների եթերային քաղաքականությունը փոխելու ծրագրեր:
ԼԵՎՈՆԻՆ «ԿՔՑԻ՞»
Քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը վստահ է, որ Գագիկ Ծառուկյանը նախագահական ընտրություններում ոչ մի դեպքում չի սատարի Լեւոն Տեր-Պետրոսյանին: «3 նախագահներն էլ դիտվում են որպես 2013-ի նախագահական ընտրությունների հնարավոր մասնակիցներ: Սերժ Սարգսյանը կոնկրետ ավարտում է իր ժամկետը եւ հնարավորություն ունի 2-րդ անգամ վերընտրվել, Տեր-Պետրոսյանը, որովհետեւ նա, անշուշտ, չի ցանկանա, որ իր կարապի երգը լինեն այդ 7 տխրահռչակ մանդատները, եւ Ռոբերտ Քոչարյանը, որովհետեւ գիտակցում է, որ սա իր վերջին շանսն է՝ վերադառնալու հրապարակային ակտիվ քաղաքականություն, հակառակ դեպքում 2018-ին կլինի լրիվ այլ իրավիճակ ու հանգամանքներ: Բայց Գագիկ Ծառուկյանն ասես մատնոցների նման այս երեքին խաղացնում է եւ չի ասում՝ շարիկն ում տակն է: Այնուամենայնիվ, բոլորին պարզ պետք է լինի, որ այդ 3-ից 2-ին Գագիկ Ծառուկյանը քցելու է: Որ այդ 2-ից մեկը լինելու է Լեւոն Տեր-Պետրոսյանը, ես դա հաստատ ձեզ ասում եմ, իսկ երկրորդը թե ով կլինի՝ Սերժ Սարգսյանը, թե Ռոբերտ Քոչարյանը, չգիտեմ: Ես պատասխանատու եմ իմ այդ քաղաքագիտական կանխատեսման համար»,-ասել է քաղաքագետը:
ԾԱՆՐ Է
Հունիսի 17-ին «Հարսնաքար»-ում դաժան ծեծի ենթարկված ռազմական բժիշկ Վահե Ավետյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Վահեի ծնողները մոտենում են հիվանդասենյակին, լուռ կանգնում, նայում նրան ու հեռանում՝ Աստված կանչելով, որ նա մի օր բացի աչքերը: