ՍԿԶԲՈՒՄ ԾԵԾԵԼ ԵՆ, ՀԻՄԱ ԷԼ ՊԱՏԺՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժամկետային զինծառայող Ռուբեն Միքայելյանի մայրը` Շամիրամ Միքայելյանը, երեկ ՀՀ կառավարության շենքի առաջ նորից հացադուլ էր հայտարարել: Իսկ Ռուբենի տատիկը` Գոհար Չիֆլիկյանը, երեկ նույն վայրում ուշագնաց եղավ: Նրան շտապօգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց: Ռուբենի հարազատները պահանջում են նրան ազատել զինվորական ծառայությունից: Երեկ հայտարարվեց, որ եթե որեւէ մեկը խանգարի հացադուլը, մայրը կդիմի ինքնահրկիզման: Նշենք, որ Ռուբենը երեք հիվանդություն ունի` սրտի բնածին արատ, երիկամների խնդիր եւ ոտքի խնձորակի կոտրվածք:
Ժամկետային զինծառայող Ռուբեն Միքայելյանի մայրն առաջին անգամ հացադուլ էր հայտարարել այս տարվա հունիսի 26-ին: Երեկ նա ժամանակավորապես դադարեցրեց հացադուլը, որովհետեւ մայրը` Ռուբենի տատիկը, պառկած է հիվանդանոցում. ո՛չ աչքերն է բացում, ո՛չ էլ խոսում է: Բժիշկները դեռ չեն կարողանում ախտորոշել նրա հիվանդությունը:
Հիշեցնենք, որ Ռուբենը ծառայել է Սիսիանի զորամասերից մեկում: Հիմա նա ծառայում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող զորամասում: 2011-ի հոկտեմբեր ամսին ժամկետային ծառայողները զորամասում ծեծում են մի խեղճուկրակ զինվորի: Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվում, Ռուբենն էլ՝ որպես վկա, ցուցմունք է տալիս: Դրանից հետո՝ վեց ամիս շարունակ, զորամասում ավագ լեյտենանտ Ալբերտ Սամվելի Խաչատրյանն ու կրտսեր սերժանտ Սուրեն Ֆելիքսի Մխիթարյանը սկսում են ճնշել նրան ցուցմունք տալու համար` ծեծում են ու հայհոյում: «Մի օր էլ Ռուբենին հանձնարարում են մաքրություն անել: Աթոռները մաքրելուց հետո մի զինվոր է գալիս ու ոտքը բարձրացնում է աթոռին՝ սկսելով մաքրել կոշիկները: Ռուբենն էլ միջամտում է` ինչո՞ւ ես կոշիկդ դրել աթոռին, դրա վրա մարդիկ են նստում: Նա էլ, թե` դու ով ես, ու տշում է աթոռը»,-լաց լինելով պատմեց տիկին Շամիրամը:
Այնուհետեւ ներս են մտնում ավագ լեյտենանտ Ալբերտ Խաչատրյանն ու կրտսեր սերժանտ Սուրեն Մխիթարյանը ու սկսում ծեծել Ռուբենին: «Մի անգամ էլ շարահրապարակում են ծեծել: Հետո էլ ժամադրել են զինվարժարանում ու սպառնացել` եթե դու տղա ես, գնա՛ ու քեզ սպանի՛, փրթի՛, եթե չէ մենք ենք քեզ փրթելու»,-զայրացած պատմեց մայրը` ավելացնելով, որ այդ տղաները հետո ցուցմունք են տվել ու նկարագրել իրենց արարքները: Ռուբենն այդ ամենից հետո ինքնասպանության փորձ է արել. «Բարեբախտաբար, որդիս կենդանի է մնացել: Դրանից հետո երկու ամիս անցկացրել է հոգեբուժարանում: Հիմա էլ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի զորամասում է»:
Նրա առողջական վիճակը հատկապես վատացել է 2011-ի հոկտեմբերին: Այս տարվա մարտի 29-ին Ռուբենն ինքնասպանության փորձ է արել` ածելիով կտրելով ձախ ձեռքի երակները:
Ռուբենի դեմ հարուցվել է քրգործ` ՀՀ քրեական օրենսգրքի 363 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ինքն իրեն վնասվածք պատճառելու… կամ ապօրինի այլ եղանակով զինծառայողի կողմից զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց ժամանակավորապես խուսափելը):
Տիկին Շամիրամը մեզ տեղեկացրեց, որ քննիչն այդ տղաների ցուցմունքները հանել է` ասելով, որ նրանց ասածները հիմք չի համարում. «Իսկ մեզ ասում է, որ մեղավորը Ռուբենն է, ինքնասպանության փորձ է արել: Պատճառաբանում է, որ տղաս խուսափել է ծառայությունից: Չի ասում, թե ինչու չի գնացել զինվարժարան, ինչու է ինքնասպանության փորձ արել: Իմ տղան երբեք չի խուսափել ծառայելուց: Լավ գիտեր, որ հիվանդ է, բայց էլի պնդում էր, որ պետք է ծառայի: Ասում էր` մա՛մ, դու պետք է հպարտանաս ինձնով»:
Երեկ՝ կառավարության նիստի սկսվելուց առաջ, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը տիկին Շամիրամից վերցրեց Ռուբենի՝ մինչեւ բանակ զորակոչվելու հիվանդության էպիկրիզը եւ խոստացավ փոխանցել ՀՀ զինդատախազ Գեւորգ Կոստանյանին:
Բողոքի ակցիայի ժամանակ տիկին Շամիրամին մոտեցավ մի անձնավորություն, ներկայացավ պաշտպանության նախարարությունից եւ կոորդինատներ վերցրեց տիկնոջից: Զինվորի մորը հուսադրեց, որ իրավասու մարդը կզբաղվի այս հարցերով, ու հեռացավ: Այնուհետեւ նրան մոտեցավ ՀՀ կառավարության դիմում-բողոքների վարչության պետ Արա Ղազարյանը եւ սկսեց տիկին Շամիրամին համոզել, որ գնա քննչական բաժին: ՀՀ ՊՆ քննչական լրատվական ծառայությունից «Ժողովուրդ»-ին տեղեկացրին. «ՊՆ 8-րդ կայազորային քննչական ծառայությունում հարուցված քրեական գործն ուղարկվել է Եղեգնաձորի զինվորական դատախազություն՝ մեղադրանքը հաստատելու եւ Սյունիքի մարզի դատարան ուղարկելու համար»:
Փաստորեն, իրավապահները պայքարում են ոչ թե երեւույթի արմատները վերացնելու, այլ հետեւանքների դեմ: Դրա համար էլ, ինչպես ամենուր, այնպես էլ հայոց բանակում արդարության դեֆիցիտ կա:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս