ԿՈՆԴԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՆԱԽԱԳԻԾՆ ԷԼ ՉԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեեւ կոնդեցիները ոգեւորված սպասում են իրենց թաղամասի կառուցապատմանը, այնուամենայնիվ, ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդականը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ դեռ երկու-երեք տարի պետք է սպասեն այդ տներին:
Հիշեցնենք, որ 2007-ին կառավարության որոշմամբ Լեոյի փողոցից մինչեւ Դեմիրճյան փողոց ընկած հատվածն իրացվել էր «Դաուն թաուն» կազմակերպության կողմից: Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցու ամբողջ տարածքը` 26.000 քմ, որտեղ բնակվել է 215 ընտանիք, քանդել են, իսկ Կոնդի մյուս հատվածում` Ռուսթավելու 1 հասցեում, որտեղ բնակվում է 89 ընտանիք, տները դեռ չեն քանդվել: Քանդված տների բնակիչները շուրջ 4 տարի է՝ վարձով են ապրում, ինչի համար յուրաքանչյուր ընտանիք ամսական 60 հազար դրամ է ստանում:
Կոնդի բնակիչներից մեկի` Օֆելյա Ավետյանի ընտանիքը բաժանված է երեք մասի: Այսինքն՝ երեք առանձին ընտանիքներ վարձով են մնում, բայց ստանում են ընդամենը 60 հազար դրամ: «Տղաս իր երկու անչափահաս երեխաներին ու կնոջը ստիպված թողել է այստեղ ու գնացել Ռուսաստանի Դաշնություն՝ գումար աշխատելու: Բարձրագույն կրթություն ունի, բայց հիմա Ռուսաստանում խորոված է անում, որ փող ուղարկի»,-մեզ հետ զրույցում դժգոհեց տիկին Օֆելյան: Իսկ ամուսինը մասնագիտությամբ արծաթագործ է, բայց հիմա տաքսի է վարում:
Բնակիչները հույս ունեն, որ իրենց թափառական կարգավիճակը շատ արագ կփոխվի, սակայն ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական Հայկ Դավթյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում առայժմ հուսադրող ոչինչ չասաց: Նրա խոսքերով՝ նախկին գործարարը, որը պետք է Կոնդը կառուցապատեր, հիմա ֆինանսական ճգնաժամի պատճառով հրաժարվել է այդ գործարքից. «Այսօր մասնակիորեն են տարվում կառուցապատման աշխատանքները, որպեսզի արմատուրաները չգողանան, որովհետեւ նման մի դեպք գրանցվել է արդեն: Իսկ հիմնական շինաշխատանքները կսկսվեն այն ժամանակ, երբ վերջնական նախագիծը կլինի»:
Մեր հարցին, թե, ի վերջո, երբ կլինի այդ նախագիծը, պարոն Դավթյանը պատասխանեց. «Ամեն ինչն էլ հայտնի է: Նախագիծը մի օրում չի հայտնվում: Երկու-երեք տարի հետո այդ մարդիկ տուն կունենան»: Իհարկե, դժվար է հավատալ նրա խոսքերին, քանի որ 5-6 տարի է՝ Կոնդի տները քանդել են, բայց մինչ օրս անգամ նախագիծ չկա: Ի՞նչ երաշխիք, որ երկու-երեք տարի հետո շենքը վեր կխոյանա:
Ստացվում է, որ մայրաքաղաքում նախ հող են օտարում, հետո մտածում դրա կառուցապատման համար անհրաժեշտ ամենակարեւոր բաղադրիչի՝ նախագծի մասին: Հետաքրքիր է՝ մեր երկրում արդյոք կա մի օղակ, որն իրապես մտածում է ՀՀ քաղաքացու մասին:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ




Լրահոս