Քաղաքապետը հանդիպել է ՀՀ-ում Չինաստանի դեսպանի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքապետը հանդիպել է ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպանի հետ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունի հետ: Շնորհավորելով դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ և հատկանշելով հայ-չինական հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հույս է հայտնել, որ Երևանի և Պեկինի միջև ձևավորված ջերմ ու բարեկամական հարաբերություններն այսուհետ ևս կունենան արդյունավետ զարգացումներ:

«Երևանի քաղաքապետարանի և ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատան միջև համագործակցությունն իսկապես եղել է արդյունավետ ու կառուցողական, և հայ–չինական հարաբերությունների զարգացման համատեքստում մենք կարևորում ենք Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի, ինչպես նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանի դերը: Համոզված եմ, պարոն դեսպան, որ Դուք ևս մեծապես կնպաստեք ինչպես Երևանի և Պեկինի, այնպես էլ չինական մյուս քաղաքների հետ տարբեր ոլորտներում համագործակցության խորացմանն ու ընդլայնմանը», – ընդգծել է քաղաքապետը:

Շնորհակալություն հայտնելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին ջերմ ընդունելության ու չինական քաղաքների հետ համագործակցության ընդլայնման պատրաստակամության համար՝ ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը նշել է, որ իր լիազորությունների շրջանակում պատրաստակամ է աջակցելու և օժանդակելու երկուստեք կապերի ամրապնդմանն ու խորացմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին և ծրագրերին:

«Վստահեցնում եմ, պարոն քաղաքապետ, որ իմ լիազորությունների շրջանակում կանեմ հնարավորը երկու երկրների քաղաքների միջև բազմոլորտ համագործակցությանը նոր թափ հաղորդելու համար, ինչպես տնտեսական ծրագրերի իրականացման, այնպես էլ քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացման ուղղությամբ: Ու հատկապես հաշվի առնելով, որ երկուստեք հարաբերությունների էլ ավելի ամրապնդման ու ընդլայնման հարցում անչափ կարևոր է անձնապես Ձեր դերը, նաև այն, որ դեսպանատանը շատ դրական կարծիքներ եմ լսել Ձեր մասին, համոզված եմ, որ մեր համատեղ աշխատանքը կտա ցանկալի արդյունքը»,- նշել է դեսպանը:

Հանդիպման ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանը Թիան Էրլունին մաղթել է հաջողություններ պատասխանատու պաշտոնում ու մեկ անգամ ևս ընդգծել, որ քաղաքապետարանը կարևորում է գործընկեր քաղաքների հետ արդյունավետ փոխգործակցության խթանումը և, ըստ այդմ, իր լիազորությունների շրջանակում բաց և պատրաստակամ է չինական քաղաքների հետ փոխգործակցության էլ ավելի ընդլայնման հարցում:




Լրահոս