Գյումրեցիներն այսօր կրկին հավաքվել են Շիրակի մարզի դատախազության շենքի մոտ՝ պահանջելով, որ գյումրեցի ընտանիքին սպանած ռուս զինծառայողը հանձնվի հայկական կողմին:
Քիչ առաջ, բազմությանը ճեղքելով, դատախազության շենք մտավ ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ում հետևից մարդիկ սկսեցին բղավել «Դո՛ւրս շպրտեք Գևորգ Կոստանյանին Գյումրիից: Նա ազգի դավաճան է»:
Armlur.am-ի թղթակիցը տեղից հայտնում է, որ բազմությունն ու ոստիկանների քանակը գնալով շատանում է: Րոպեներ անց Գյումրիի դատախազության շենքը շրջափակեցին մի խումբ ոստիկաններ՝ թույլ չտալով մարդկանց առաջ շարժվել: Ապա մարդիկ սկսեցին քարեր հավաքել և նետել շենքի ուղղությամբ: Նրանք կես ժամ ժամանակ տվեցին, որպեսզի Գ. Կոստանյանը դուրս գա՝ սպառնալով հակառակ դեպքում գրոհել շենքը:
Հիշեցնենք, որ Գևորգ Կոստանյանն այսօր պարզաբանումներ ներկայացրեց գյումրեցիներին, սակայն վերջիններիս դրանք չեն բավարարել: Դատախազության շենքի առջևից նաև ավտոերթ է սկսվել: