«Ժողովուրդ»-ին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ Գյումրու մանկավարժական ինստիտուտում տեւական ժամանակ է՝ լայնամասշտաբ ստուգումներ են իրականացվում: Դրանք կհամարեինք հերթական եւ ոչ արտառոց, եթե այս ստուգումները մեկնարկած չլինեին խորհրդարանական ընտրություններից հետո: Չի բացառվում, որ իշխանություններն այս հաստատությունում էլ, ինչպես «Սիվիլիթաս»-ում, կփորձեն «լվացած փողեր» փնտրել:
Հարկ է հիշեցնել, որ բուհի ռեկտորը ԲՀԿ ներկայացուցիչ Վարդեւան Գրիգորյանն է, եւ ինչպես իր կուսակիցները, նա էլ վերջին շրջանում թեեւ զգուշավոր, բայց ընդդիմադիր կեցվածք է դրսեւորում: Անձամբ բուհի ռեկտորից չհաջողվեց ճշտել, թե կոնկրետ որքան ժամանակ են հարկային մարմինները տակնուվրա անում ինստիտուտի փաստաթղթերը, եւ արդյոք չարաշահումներ հայտնաբերել են, թե ոչ:
Զանգահարեցինք բուհի պրոռեկտոր Սամվել Ալեքսանյանին: Նա հաստատեց, որ բուհում ֆինանսական ստուգումներ արվել են, բայց թե այս պահին հարկային մարմինները դեռ շարունակում են ստուգել հաստատության փաստաթղթերը, դժվարացավ կամ չցանկացավ ասել: Հետո զայրացած հավելեց. «Ես ի՞նչ բարոյական իրավունք ունեմ Ձեզ այդ ամենը ասել: Դատախազությունի՞ց եք, ի՞նչ է: Կամ ի՞նչ չարաշահումներ, ա՛յ քեզ բան: Ո՞վ է ասել, որ ստուգում են, որ չարաշահում հայտնաբերեն: Ես Ձեզ ոչ մի բան էլ չեմ ասի, դիմե՛ք բուհի ռեկտորին»:
Հարկ է նշել, որ վերջին օրերին նաեւ տեղեկություններ են շրջանառվում, որ Վարդեւան Գրիգորյանը կարող է առաջադրել իր թեկնածությունն առաջիկա ՏԻՄ ընտրություններում: Կպայքարի արդյոք քաղաքապետի պաշտոնի համար Վարդեւան Գրիգորյանը՝ դեռեւս հստակ չի որոշել, ավելի կոնկրետ՝ սպասում է կուսակցության որոշմանը: Այդ մասին ռեկտորը «Ժողովուրդ»-ին ասել էր օրեր առաջ:
«OՍԿԱՆՅԱՆԱԿԱՆ» ՕՊԵՐԱՑԻԱՆ ԿԿՐԿՆՎԻ՞
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ա. ՎԱՐԴԱՆՅԱՆ