ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԳԱՀԱՎԻԺՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ ՀՀ նախագահը կառավարությունից «ակնկալեց» 7% տնտեսական աճ: Թե ինչպես եւ ինչի հաշվին, կամ արդյոք մեր տնտեսությունը կարող է աճել, այդքան էլ էական չէ երկրի ղեկավարի համար: Ասել է, պիտի կատարեն:  Ապրած կենա մեր Ազգային վիճակագրական ծառայությունը:
Թվանկարչության մեջ մասնագիտացած այս կառույցը կարողանում է երկրի բարձրաստիճան պաշտոնյաների խոսքը գործ դարձնել, իսկ թերացումներն էլ կոծկել: Ինչեւէ, ԱՎԾ-ի տվյալներով՝ 2012թ. 1-ին եռամսյակում ՀՀ պարենային հաշվեկշռի նժարը ծանր էր, սակայն ոչ թե տեղական արտադրության, այլ ներկրման ծավալների հաշվին: Եւ դա բնական է, քանի որ տեղական արտադրության աճ վերջին տարիներին Հայաստանում չի գրանցվում:
ՀՀ-ում ապահովված կարելի է համարել սննդի ֆիզիկական, սակայն ոչ սոցիալական մատչելիությունը: Համաշխարհային բանկի չափորոշիչներով՝ պարենային զամբյուղի օրաբաժնի էներգետիկ արժեքը կազմում է 2412,1 կկալ: Այն իր մեջ պարտադիր պետք է պարունակի հացամթերք, մսամթերք, կաթնամթերք, կարտոֆիլ, բանջարեղեն, միրգ, շաքար, ձու, մարգարին, ձեթ, թեյ, աղ (համեմունքներ): Իսկ թվային ցուցիչով ՀՀ նվազագույն պարենային զամբյուղը կազմում է 35,4 հազ. դրամ՝ մոտ 96 դոլար:
Մեր երկրում աղքատության ցուցանիշը 35,8% է, այն նախորդ տարվա նկատմամբ ավելացել է 3%-ով, իսկ աղքատների թիվը հասել է շուրջ 90.000-ի: ՀՀ ԱՎԾ-ի տվյալներով՝ 2011թ. դրությամբ նվազագույն աշխատավարձ, ընտանեկան նպաստ ստացողները, ինչպես նաեւ կենսաթոշակառուները եւ գործազուրկները դեռեւս չէին հաղթահարել աղքատության սահմանագիծը: Այժմ էլ պատկերը նույնն է, երբ վերլուծում ենք իրական աշխատավարձի հարաբերակցությունը պարենային եւ սպառողական զամբյուղների նկատմամբ: Մթերքի ֆիզիկական մատչելիության հետ անհրաժեշտ է, որ բարձր լինի ինքնաբավության մակարդակը: Գյուղնախարարության տվյալները ցույց են տալիս, որ սպառողական զամբյուղի պարտադիր սննդամթերքները ՀՀ-ում ինքնաբավություն չեն ապահովում:
Ցորենի 2010թ. ինքնաբավության միջին ցուցանիշը կազմել է 38,4 տոկոս: Սակայն 2011-ին ցորենի ներմուծումն աճել է 12 հազ., իսկ ալյուրը՝ գրեթե 11 հազ. տոննայով: Նույն ժամանակահատվածում ալյուրի 1 կգ-ն թանկացել է 15 դրամով: Կառավարության ռազմավարությամբ նախատեսվում է 2020թ. ցորենի  ցուցանիշը հասցնել 64,2%: Կարտոֆիլի ցուցանիշը 99,8% է, ինքնաբավությամբ համարվում էր պարենամթերքի առաջատարը: Սակայն 2011-ին կարտոֆիլի ներմուծման ծավալները 6 անգամ աճել են. 1 կգ-ն թանկացել է 30 դրամով:
2010-ի տվյալներով՝ բանջարեղենի ինքնաբավության առումով այն բավարարում է բնակչության պահանջարկը ամբոջությամբ՝ 100,8%: Իսկ արտահանման միջին տարեկան ծավալը 22,8% էր: ԱՎԾ-ի տվյալներով՝ 2011-ին ներմուծվել է 8.000 տ բանջարեղեն: Անցյալ տարվա ընթացքում ներմուծված մրգի ցուցանիշն աճել է 1,5 տոննայով, արտահանվել է 11,4 տ՝ ներառյալ վերամշակված արտադրանքը: Մեր երկրում կաթնամթերքի արտադրության ծավալը կազմել է 606 հազար տ, ներմուծման տարեկան ծավալը՝ 20,5 հազ. տ: Այս տարի, ԱՎԾ-ի տվյալներով, կարագի   ներմուծման ծավալն աճել է 1,5 հազար, իսկ պանրինը՝ 300 տ-ով: Իրական նախադրյալներ կան Հայաստանում ավելացնել կաթի ծավալը, սակայն ո՛չ գյուղացին, ո՛չ էլ այն վերամշակող կազմակերպությունները շահագրգիռ չեն:
Հավի մսի առումով ՀՀ-ում ինքնաբավության ցածր ցուցանիշ է գրանցված: 2010թ. սպանդային քաշով այն կազմել է 5,37 հազ. տ, ներմուծման ծավալը՝ 22,56 հազ. տ: Հավի մսի արտադրության ծավալների ավելացմանը լուրջ խոչընդոտ է կերի անհրաժեշտ բազայի բացակայությունը: Դեռեւս թույլ է տեղական արտադրության թռչնամսի մրցակցությունը: Այսպես՝ ըստ գյուղնախարարության՝ ներկրվող թռչնամսի մաքսային արժեքն ավելի ցածր է տեղական արտադրության հավի մսի ինքնարժեքից:
Բուսական յուղի հումքը դեռեւս բացառապես ներկրվում է: 2010թ. բուսական յուղի արտադրությունը Հայաստանում կազմել է 1,02 հազ., իսկ ներմուծվել է 20,01 հազ. տ: Գրեթե նույն պատկերն է շաքարի ինքնաբավության պարագայում: 2010թ. այն կազմել է 2,4%, իսկ զգալի մասը (97,6) ներկրվել է: Կառավարությունը ենթադրում էր, որ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի շաքարի գործարանը լրիվ հզորությամբ աշխատելու դեպքում կարտադրի 220 հազ. տ, որից 40,0 հազ. տոննան՝ տեղական հումքով: Այն ոչ միայն կապահովեր բնակչության պահանջը (շուրջ 90 հազ. տ), այլեւ կարտահանվեր բավականին մեծ քանակությամբ շաքար:
Ինչեւէ, գյուղատնտեսության նախարարությունը պլանավորել է 2015թ. եւ 2020թ. ՀՀ-ում բարձրացնել պարենամթերքի ինքնաբավության մակարդակը՝ հաշվարկված էներգետիկ արժեքով: Համաձայն դրա՝ 2015թ. այն պիտի կազմի 76,6% (2010թ.՝  58,5%), իսկ  2020թ.՝  83,9%: Ինչպես նկատում ենք, տեղական արտադրության ծավալները գահավիժում են:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս