Մեկ անգամ չէ, որ պետական կառույցների չհիմնավորված ու անտեղյակ որոշումները դառնում են վիճահարույց խնդիրներ, որոնց հանգուցալուծումը տալիս են դատարանները տարիներ տեւող գործընթացներում: Այլ պարագայում դրանք հանգեցնում են մարդկային փոխհարաբերությունների վատթարացման, դառնում սթրեսների պատճառ:
Դիլիջան քաղաքի բնակչուհի Սրբուհի Պետրոսյանը «Ժողովուրդ»-ին ասաց, որ հոգնել է դատական քաշքշուկներից, դատավարական հակասություններից, եւ որ ամենակարեւորն է, անհարկի ձգձգումներից: Կինը պատմեց, որ հարեւանի՝ Մարտին Պետրոսյանի տնփեսան՝ Արթուր Միքայելյանը, ապօրինաբար ուզում է սեփականացնել իր ամուսնու՝ Սամվել Պետրոսյանի ընտանիքին պատկանող Գորկու 38 հասցեի շուրջ 122 քմ հողամասը` հիմնավորելով, որ այն հարկավոր է իրեն ավտոճանապարհի օգտագործման համար:
«Խայտառակություն է, այսպիսի բա՞ն կլինի: Մեր ունեցվածքը մեզ օգտագործելու հնարավորություն չի տալիս: Մեզ պատկանող վիճելի հողակտորի վրա վագոն է դրել, ուզում է առեւտրի կենտրոն բացի: Տանը ոչ մեկս չենք աշխատում, մենք էլ կարող ենք խանութ դնել, օրվա հաց վաստակել: Դե իրեն կարելի է, չէ՞ որ ինքը Տավուշի դատավորի օգնականն է»,-ներկայացրեց Սրբուհի Պետրոսյանը:
Խնդրի շուտափույթ լուծմանը Սամվել եւ Սրբուհի Պետրոսյանների ընտանիքը սպասում է արդեն երկուսուկես տարի: Դեռես 2010 թ.-ին Մարտին Պետրոսյանը նշված հողակտորը ձեռք գցելու համար հայցով դիմել էր դատարան՝ ընդդեմ Դիլիջանի քաղաքապետարանի, դրկից Սամվել Պետրոսյանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Դիլիջանի ստորաբաժանման, ՀՀ Դիլիջանի նոտարական տարածքի նոտարի: Մ. Պետրոսյանը պահանջում էր անվավեր ճանաչել Սամվել Պետրոսյանի՝ ժառանգության իրավունքի վկայագիրը նշված հասցեի նշված մակերեսով հողամասի մասով եւ ճանաչել իր սեփականության իրավունքը: Հայցվորը պահանջի հիմքում դրել է Դիլիջանի քաղաքապետարանի կողմից ոչ իրավաչափ վարչական ակտ ընդունելու հանգամանքը, որի պատճառով իբր Մարտին Պետրոսյանը զրկվել է 122 քմ հողամասի սեփականության իրավունք ձեռք բերելու հնարավորությունից: Սակայն, ըստ փաստաթղթերի, հիմնավորվում է, որ նշված հասցեն Սամվել Պետրոսյանի մոր՝ Քնարիկ Ազատյանի կողմից տրվել է Մարտին Պետրոսյանին անհատույց օգտագործման: Այնուհետեւ նույն պահանջով դատարան է դիմում Մ. Պետրոսյանի իրավահաջորդ Արթուր Միքայելյանը, սակայն հայցը կասեցվում է:
2011թ.-ին հակընդդեմ կողմը՝ Սամվել Պետրոսյանը, իր հերթին դիմում է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող 122 քմ մակերեսով հողամասից վտարելու պահանջով: Հայցվորն իր պահանջը հիմնավորում է փաստերով եւ դրանց նկատմամբ կիրառելի իրավական նորմերով:
Դատական գործընթացներն անցել են մի քանի դատարաններով, եւ այս պահի դրությամբ գործը կարճվել է, սակայն դրանով ազգականների հարաբերություններն ավելի են վատացել:
ԻՆՁ ՃԱՆԱՊԱ՛ՐՀ ՏՎԵՔ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ