Մեր ընթերցողների ցանկությամբ պարբերաբար կներկայացնենք, թե հայտնիներից ով որտեղ է անցկացնելու իր ամառային հանգիստը: Այս անգամ մեր հյուրերն են շոու բիզնեսի մայրիկները` Աիդա Սարգսյանն ու Արմինկան:
ԱԻԴԱ ՍԱՐԳՍՅԱՆ
-Հունիսի վերջին մոտ մեկ ամսով մեկնում եմ հյուրախաղերի ԱՄՆ եւ Ավստրալիա, բայց ոչ մենակ, այլ բալիկիս հետ: Երկու համերգ ունեմ Ավստրալիայում, մեկը` ԱՄՆ-ում: Հուլիսի վերջին միասին հետ կգանք: Սա կարելի է ոչ միայն հյուրախաղ համարել, այլեւ հանգիստ:
-Իսկ երեխայի հետ հարմա՞ր է ճամփորդել:
-Ինքը շատ հանգիստ է իրեն պահում չնայած 3 տարեկան է, բայց ճանապարհի շատ հետաքրքիր ընկեր է: Մենք միասին էլի ենք մեկնել ճամփորդության, բայց ոչ այսքան հեռու: Դե աղջիկս Միացյալ Նահանգների ծնունդ է, շատ փոքր էր, երբ հետ եկանք, ինքը դեռ բան չէր հասկանում, իսկ հիմա տանում եմ, որ տեսնի իր ծննդավայրը: Արդեն որոշել եմ, թե ուր եմ նրան տանելու: Ինքը շատ ոգեւորված է, հասկանում է, որ իրեն մեծ ճամփորդություն է սպասվում:
-Ճամփորդության համար գումարը տարվա ընթացքո՞ւմ եք հավաքում:
-Հանգստի համար ես միշտ նախօրոք եմ մտածում, այնպես որ դրա համար գումար լինում է, այդպիսի խնդիր չկա:
ԱՐՄԻՆԿԱ
-Հաջորդ ամսվա սկզբից մինչեւ կեսերը ես, Ալեքսն ու մայրս մեկնելու ենք Դոմինիկյան Հանրապետություն` Կարիբյան ծով, ուղղակի մի քանի անավարտ գործեր կան, դրանք էլ կավարտեմ, ու հանգիստ խղճով կմեկնենք, հավանաբար քույրս էլ քիչ ուշ կմիանա մեզ:
Անցած տարի էլ էինք այնտեղ գնացել, Ալեքսը շատ էր հավանել: Ծով, արեւ, ավազ` երեխայի համար ամենաանհրաժեշտ բաներն են, տարվա ընթացքում այդ ամենը պետք է գոնե մի անգամ ապահովել, որ հանգիստ ձմեռ ունենանք:
-Ակտի՞վ, թե՞ պասիվ հանգիստ եք սիրում:
-Քանի Ալեքսը փոքր է, ես նախընտրում եմ պասիվ հանգիստ, իսկ Եվրոպայում պասիվ հանգիստ չի ստացվի: Կարիբյան ծովում մեզ մոտ հանգիստը կատարյալ է ստացվում, որովհետեւ մենք այնտեղ ապրում ենք մեր ընկերոջ վիլլայում, որտեղ կա լողավազան, խաղալու պայմաններ, բակն այնքան մեծ է, ու ամեն հարմարություն կա: Ես տարվա ընթացքում այնքան եմ ճամփորդում, որ ֆիզիկապես շատ եմ հոգնում, դրա համար մանավանդ երեխայի հետ միայն պասիվ հանգիստ եմ վայելում: Ալեքսին դեռ հետս չեմ վերցնում հյուրախաղերի կամ այլ երկրներ, որովհետեւ դա շատ հոգնեցուցիչ է:
-Ե՞րբ եք ունեցել ամենահիշարժան հանգիստը:
-Անցած տարի Դոմինիկյան Հանրապետությունում: Երբ հայտնվում ես կղզում, հասկանում ես, որ երկրի վրա էլ կան դրախտավայրեր, որտեղ կարելի է այդքան լավ հանգստանալ: Այդքան փափուկ կլիմա, էկոլոգիա եւ այդքան լավ սնունդ, այդքան խաղաղ, հանգիստ ու պոզիտիվ մարդիկ, որը չես գտնի աշխարհի ցանկացած այլ երկրում: Հիմա ամենուրեք ագրեսիա է, մարդիկ ինչ-որ տեղ են շտապում, փորձում ամեն ինչ հասցնել, իսկ այնտեղ կյանքը հանգիստ, դանդաղ գնում է: Շուրջբոլորն ամեն ինչ նպաստում է լիարժեք հանգստին:
-Հանգստի համար նախատեսված գումարը տարվա ընթացքո՞ւմ եք հավաքում:
-Ես ընդհանրապես կյանքում ոչինչ պլանավորել չեմ սիրում: Կարող եմ ինչ-որ բաներ շատ ուզենալ ու ինչու չէ` երազել: Եւ եթե հասկանում եմ, որ ժամանակը մոտենում է, ու ես կարող եմ ինձ որեւէ բան թույլ տալ կամ չտալ, այդ ժամանակ պլանավորում եմ` ինչ անել, ոնց անել ու երբ: Ինչ վերաբերում է գումարին, Դոմինիկյան Հանրապետության հետ կապված` բախտս այնքանով է բերել, որ հյուրանոցի ծախս չեմ անելու, իսկ աշխատուժը բավականին էժան է: Այդ առանձնատանը կան սպասավորներ, այգեպան, ամեն բան շատ ավելի էժան է, քան աշխարհի շատ-շատ երկրներում: Սնունդն էժան է ու էկոլոգիապես մաքուր, էլ չեմ խոսում մրգերի ու բանջարեղենի մասին, որ մենք անմիջապես բակից ենք կարողանում քաղել ու օգտվել: Միայն ավիատոմսերը մի փոքր թանկ արժեն, մնացած ամեն բան շատ մատչելի է: