ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՆԱՐԱՎՈՐ Է ՆԿԱՐԱՀԱՆԵԼ
Բեռլինի հիվանդանոցներից մեկում բժիշկ Կրիստեն Բամբերգի գլխավորությամբ տեղի է ունեցել ծննդաբերության ընթացքի նկարահանում հատուկ տեսախցիկի միջոցով, որը նախօրոք տեղադրվել է կնոջ արգանդում: Համաձայն տեղեկատվության` նկարահանումը տեղի է ունեցել 2010-ին, սակայն հրապարակվել է վերջերս: Տեսանյութում երեւում է ծննդաբերական ողջ գործընթացը:  Նշենք, որ կինը ստիպված է եղել ծննդաբերության ժամանակ 45 րոպե շարունակ արգանդում տեսախցիկ կրել:

ՓՐՓՐԵՑՆՈՂ ԲԱԺԱԿՆԵՐ
Ճապոնական Brando ընկերությունը վաճառքի է հանել գարեջրի նոր գավաթներ, որոնք կրում են Professional Beer Foam Making Mug անվանումը: Գավաթների բռնակի վրա տեղադրված կոճակը սեղմելուց հետո գարեջրի վրա փրփուր է առաջանում: Այդ գավաթները  բավական թանկ արժեն: Բարերում եւ ռեստորաններում  դրանցով մատուցվող գարեջրի արժեքը կազմում է 23 դոլար:

ԽԵՆԹ ՉԻՆՈՒՀԻՆ
Չինաստանի Շանոնգ գյուղի 38-ամյա Զան Շիհը վրաերթի է ենթարկել ամուսնու սիրուհուն եւ նրա  երեխային: Երբ  ժամանել է շտապօգնության մեքենան, կինը մերկացել եւ մտել է մեքենայի տակ` խանգարելով, որպեսզի վերջիններիս տեղափոխեն հիվանդանոց: Բժիշկների հավաստմամբ` կինն ամեն կերպ խոչընդոտել է իրենց, ինչի արդյունքում երեխան մահացել է: Կնոջ հանդեպ քր. գործ է հարուցվել, եւ եթե նա մեղավոր ճանաչվի, ապա կդատապարտվի մահապատժի:

ԱՄԵՆԱԾԵՐ ՄԻԼԻԱՐԴԱՏԵՐԸ
Շվեյցարիայում 101 տարեկանում մահացել է աշխարհի ամենածեր միլիարդատերը` Վալթեր Հեֆները: Մինչեւ վերջին օրը նա պարբերաբար այցելել է Ցյուրիխում գտնվող իր ընկերության գրասենյակ: Նրա կարողությունը 2012թ. մարտի դրությամբ գնահատվել է 4.3 մլրդ դոլար: Նա Audi եւ  Volkswagen ավտոմեքենաների ներկրմամբ զբաղվող Amag Automobil und Motoren AG ընկերության սեփականատերն էր:

ԿՏՐԵԼ Է ԿՈԿՈՐԴԸ
Ադրբեջանի մայրաքաղաքում տեղի է ունեցել սարսափելի սպանություն: Սաբիրաբադ թաղամասի  բնակիչ Ֆիկրետ Ջաբարովը վիճել է կնոջ` Ամինա Գադիմովայի հետ եւ փողոցի կենտրոնում սպանել է նրան` կտրելով վերջինիս կոկորդը: Միջադեպին ներկա է եղել սպանվածի երեխան, որը տեսածից շոկ է ապրել: Երեխային ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն, ինչից հետո նրան տարել են հարազատների մոտ:

ՀԱՂԹԵԼ Է ՄՐՑՈՒՅԹՈՒՄ
«Նյու Յորքում անցկացված Cheap-Chic-Weddings հարսանեկան զգեստների մրցույթում հաղթող է ճանաչվել զուգարանի 10 մեծ թղթագլաններից պատրաստված զգեստը»,-գրում է The Telegraph-ը: Զգեստի հեղինակը Միչիգան նահանգի 26-ամյա բնակչուհի Սյուզան Բրենանն է, որն իր ստեղծագործության համար 2012 դոլարով է պարգեւատրվել:

 Պատրաստեց ՆԱՐԵ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ




Լրահոս