Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի կատարած երգերը ոչ միշտ են ադեկվատ ընդունելության արժանանում, հնչում են տարբեր բացասական մեկնաբանություններ, քննադատություններ: Բայց Լիլիթը շարունակ լռում էր՝ չտալով եւ ոչ մի պատասխան: Սակայն վերջերս երգչուհու համբերության բաժակը լցվեց, ու նա սոցիալական ցանցի իր էջում թողեց հետեւյալ գրառումը. «Դուք, իմ սիրելի հանդիսատես, հաճախ եք ինձ հարցնում, թե ինչու ես չեմ պատասխանում իմ հասցեին հնչած մեղադրանքներին, հերյուրանքներին, հիմնականում անտեղի քննադատություն-վիրավորանքներին (պրոֆեսիոնալ քննադատությանը ես կողմնակից եմ): Դուք հարցնում եք ինձ, թե ինչու ես չեմ «փակում» իմ յութուբյան ալիքի մեկնաբանությունների համար նախատեսված տեղը կամ ինչու չեմ խմբագրում դրանք եւ թողնում միայն ինձ գովերգող մեկնաբանությունները:
Իհարկե, շատ շնորհակալ եմ ձեր անհանգստության, աջակցությունների, առաջարկների կամ պարզապես բարի խոսքերի համար, բայց հավատացեք, ես բնավ ցանկություն չունեմ այս մարդկանց որեւէ բան բացատրել: Ցավալի է միայն, որ անանուն գրողը, որը իրեն «լրագրող» է համարում, շողք է գցում նաեւ լրագրողի մասնագիտության վրա, ինչի արդյունքում շատ լրագրողներ այսօր նույնացվում են այսպիսի բլոգերալրագրողանման երեւույթների հետ:
Անդրադառնալով բուն հարցին` ես չեմ պահանջելու, որ հանեն վիրավորական հոդվածները, չեմ պատասխանելու նման մարդկանց, քանի որ եթե նրանք ունեն նման բաներ գրելու անհագ ցանկություն, եթե դա նրանց բավականություն է պարգեւում, եթե նրանք գեթ մի ակնթարթ երջանիկ են լինում, ես միայն ուրախ եմ նրանց համար եւ ուզում եմ, որ Դուք էլ ներողամտորեն վերաբերվեք նրանց, որովհետեւ միայն այն դեպքում, երբ նրանք գրեն, գրեն ու գրեն, միգուցե հագենան ու սկսեն զբաղվել մեկ այլ գործով, որը ե՛ւ նրանց, ե՛ւ մարդկանց ավելի երջանիկ լինելու հնարավորություն կտա: Շնորհակալություն ձեզ, որ բոլոր նման դեպքերում չեք զլանում եւ հղում եք ինձ ձեր բարի խոսքերն ու նամակները:
Սիրում եմ ձեզ` ձեր Լիլիթ»:
ԼԻԼԻԹԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ