Քիչ առաջ Armlur.am-ին ահազանգեց փաստաբան Հարություն Բաղդասարյանը և հայտնեց, որ իրեն Գյումրիից զանգահարել է ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը և հայտնել, որ ժամեր առաջ փորձել է կապ հաստատել ԱԺ աշխատակազմի հետ, սակայն իրեն որևէ մեկը չի արձագանքել: Զարուհի Փոստանջյանն, ըստ մեր զրուցակցի, պահանջում է, որպեսզի ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն անհապաղ ժամանի Գյումրի, քանի որ քաղաքում պայթյունավտանգ և անկառավարելի վիճակ է:
Զարուհի Փոստանջյանը հայտնել է, որ մարդիկ գնալով անկառավարելի են դառնում, իսկ պետական պաշտոնյաներից և իշխանություններից որևէ ներկայացուցիչ ներկա չէ այնտեղ:
Տեղեկացնենք, որ Գյումրիում լարված իրավիճակը պահպանվում է. ոստիկանների և հավաքված մարդկանց միջև բախումները շարունակվում են:
Նշենք նաև, որ Մարտուն Գրիգորյանը և Զարուհի Փոստանջյանը պայմանավորվածության են եկել ՀՀ գխավոր դատախազության հետ և ներկա պահին մեկնել են ռուսական զորամաս՝ տեսնելու Վալերի Պերմյակովին: