Լարված իրավիճակը Գյումրու դատախազության դիմաց շարունակում է պահպանվել:
Ոստիկանության աշխատակիցներն իրենց մահակներով հարվածում են պաշտպանիչ սաղավարտներին՝ այդ կերպ փորձելով ետ պահել բողոքի ցույցի մասնակիցներին: Armlur.am-ի թղթակիցը հայտնում է, որ հնչող ձայները հավաքվածների մի մասը նմանեցրել են կրակոցների հետ, սակայն իրականում կրակոց չի հնչել: Գործողություններին ներգրավված են հատուկ ջոկատայիններ
Իրավապահները բարձրախոսների միջոցով շարունակում հայտարարում են, որ բողոքի ցույցն ապօրինի է և մասնակիցները պետք է ցրվեն, սակայն գյումրեցիները շարունակ վանկարկում են «Բարոյական Օրենքներից Զուրկ» և քարեր են նետում իրավապահների ուղղությամբ: Ցուցարարները պահանջում են տեսանյութ ներկայացնել, որ Պերմյակովը Հայաստանում է:
Հավելենք, որ կան տուժածներ, ովքեր տեղափոխվել են հիվանդանոց:
Գյումրեցիներին չեն համոզել գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի խոսքերը սպանության հեղինակին պատասխանատվության ենթարկելու առնչությամբ և այժմ նրանց մի մասը շարժվում է դեպի ռուսական զորամասը, իսկ մյուս մասը կշարունակի մնալ քաղաքի կենտրոնում: Իրավապահները հատուկ միջոցներ են կիրառում ցուցարարների նկատմամբ. կան բազմաթիվ ձերբակալվածներ: