20 հազար դոլար կաշառք վերցնելու մեջ մեղադրվող դատավորը ցուցմունք չի տալիս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախորդ տարվա դեկտեմբերի 25-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական  միջոցառումների արդյունքում  կաշառք ստանալու պահին ձերբակալվել է ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության  դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանը: Խ. Խաչատրյանը իր վարույթում քննվող  գործարարի վերաբերյալ  քաղաքացիական գործով, նրա  օգտին գործողություններ կատարելու համար, պահանջել և ստացել է 20.000 ԱՄՆ դոլար: ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (պաշտոնատար անձի կողմից  խոշոր չափերով կաշառք ստանալը՝ կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին ակնհայտ ապօրինի գործողության կամ անգործության համար):

Այսպես, դատավորն իր վարույթում գտնվող քաղաքացիական գործով որոշում է կայացրել քաղաքացի Սեյրան Կարապետյանի հիմնադրած ՍՊԸ-ին սնանկ ճանաչելու վերաբերյալ: Սնանկության հետագա գործընթացում ինչպես իր լիազորությունների շրջանակում Ս. Կ.-ի օգտին գործողություններ կատարելու, այնպես էլ պաշտոնից բխող հեղինակությունն ու ազդեցությունն օգտագործելով վերջինիս օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է` ՍՊ ընկերության կողմից գրավադրված անշարժ գույքը աճուրդի եղանակով օտարելու գործընթացը երկարաձգելու, այդ կերպ` Ս. Կ.-ին շահավետ պայմաններով գրավադրված գույքը ձեռք բերելու հնարավորություն ընձեռելու դիմաց դատավորը պահանջել և Ս. Կ.-ից անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով` 20 հազ. ԱՄՆ դոլար կաշառք, որից անմիջապես հետո տեղում բռնվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից: Դատավորի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ Armlur.am-ն այս դեպքին արդեն անդրադարձել էր և որոշ մանրամասներ ներկայացրել: Մասնավորապես` տեսանյութ, որում երևում է` ինչպես է դատավոր Խաչատուր Խաչատրյանը կաշառք վերցնում և խոստանում այցելուի հարցերը լուծել: «Ես կամ, որ քեզ օգնեմ»,- ասում է դատավորը:

Հիշեցնենք նաև, որ դեկտեմբերի 27-ին Արդարադատության խորհրդի նիստ է կայացել, որի ընթացքում քննարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանին կալանավորելու մասին համաձայնություն տալու՝ ՀՀ նախագահին առաջարկություն ներկայացնելու հարցը, ինչը բավարարվել էր:

Armlur.am-ի հետ զրույցում կաշառք պահանջելու և վերցնելու մեջ մեղադրվող դատավորի շահերի պաշտպան Կարեն Թումանյանը հայտնեց, որ Խաչատուր Խաչատրյանը դեռևս ցուցմունք չի տվել: Փաստաբանի փոխանցմամբ` նշանակվել են մի շարք փորձաքննություններ, և նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս