Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը 2015 թվականը մեկնարկում է Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի հերթական համերգաշարով: Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը, որպես կանոն, նվիրվում է հայ մեծ կոմպոզիտորների հոբելյաններին և կրում է նրանց անունը։ Սարյան-ֆեստ (2010թ.), Բաբաջանյան-ֆեստ (2011թ.), Չուխաջյան-ֆեստ (2012թ.), Ռոմանոս Մելիքյան-ֆեստ (2013թ.) և Տերտերյան-ֆեստ (2014թ.)՝ փայլուն անունների վառ աստղաբույլ, որ 2015թ.-ին համալրվում է հայ երաժշտարվեստի ևս մեկ նվիրյալի անունով:
Փառատոնն այս տարի նվիրված է անվանի կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանի 85-ամյա հոբելյանին։ Երաժշտասեր հանդիսատեսին կներկայացվի համերգային երեք երեկո (հունվարի 20, 30 և փետրվարի 4), որոնց ընթացքում կհնչեն Է. Հովհաննիսյանի գործիքային-կամերային, դաշնամուրային, և սիմֆոնիկ, ինչպես նաև՝ հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններից:
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը 2015թ. ընթացքում հանդիսատեսին կներկայացնի բազում անակնկալներ՝ հանդիպումներ աշխարհահռչակ երաժիշտների հետ, նորանոր համերգային ծրագրեր։ Երիտասարդական նվագախումբը հայկական մշակույթը կներկայացնի նաև արտասահմանյան բեմերում։
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի Հասարակայնության հետ կապերի բաժին