Մալախովը պատասխանել է Գյումրու բնակչուհուն. սկանդալային հաղորդումը պատահաբար է եթեր գնացել (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական «Пусть говорят» հաղորդաշարի հերթական թողարկման ժամանակ՝ հունվարի 14-ին ներկայացվել է Կրասնոդարում հայերի միջև տեղի ունեցած վիճաբանությունը: Հաղորդման ընթացքում հյուրերից մեկն այսպիսի մի արտահայտություն է հնչեցնում.«Հայեր, ամոթ է»:

Այս հաղորդաշարը մեծ իրարանցում է առաջացրել համացանցում: Հայ հեռուստադիտողներին հատկապես զայրացրել է այն հանգամանքը, որ այս հաղորդաշարը եթեր է հեռարձակվել Գյումրիում ռուս զինվորական Վալերի Պերմյակովի կողմից սպանված Ավետիսյանների ընտանիքի հոգեհանգստի օրը:

Հետաքրքիրն այն է, որ հայերի միջև տեղի ունեցած ծեծկռտուքն ավելի վաղ է տեղի ունեցել, սակայն դիտավորյալ թե ակամա այն եթեր է հեռարձակվել հենց հունվարի 14-ին:

Գյումրիի բնակիչ Արմինե Շիրոյանը բաց նամակ է հրապարակել համացանցում՝ ուղղված հաղորդման հաղորդավար Անդրեյ Մալախովին: Առաջին հերթին Գյումրու բնակչուհուն հետաքրքրում է, թե այդ հաղորդաշարը պատահմա՞մբ է այդ օրը եթեր հեռարձակվել, թե՝ ոչ:

Ներկայացնում ենք բաց նամակից մի հատված. «Տաղավարում հավաքվել են խելացի մարդիկ, իրավաբաններ, հասարակական գործիչներ, որոնք քննարկում են թեման և «խելոք» մտքեր արտահայտում, թե որտեղ պետք է լինեն նորմալ մարդիկ կեսգիշերին: Իսկ որտե՞ղ պետք է լինի զինվորականը առավոտյան վեցին: Հերթապահություն կատարելի՞ս, թե խաղաղ մարդկանց սպանելիս՝ առանց խնայելու նաև 2-ամյա երեխային:

Մի կողմ թողնելով իմ զգացմունքները՝ ես ցանկանում եմ մեկ հարց տալ. այս հաղորդաշարը եթեր հունվարի 14-ին պատահմա՞մբ է եթեր հեռարձակվել: Ես երկու պատասխան եմ տեսնում. կա՛մ այո, կա՛մ ոչ:

Ես միայն դիմում եմ Ձեզ՝ ցանկանալով հասկանալ, թե իրականում ինչ է տեղի ունեցել»:

Բաց նամակը տեղադրված է համացանցում և ուղարկվել է նաև Անդրեյ Մալախովի սոցիալական կայքերին: Ի պատասխան նա միայն պատասխանել է, թե պատահաբար է այդ հաղորդումը հենց այդ օրը եթեր հեռարձակել: Ներկայացնում ենք նաև հաղորդման տեսագրությունը:

Հիշեցնենք, որ հունվարի 12-ին դաժան սպանություն է տեղի ունեցել Գյումրիում: Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը հանդիսանում է սպանության իրականացման միակ մեղադրյալը: Այս պահի դրությամբ նա կալանավորված է և գտնվում է ռազմաբազայի մենախցում:

mal




Լրահոս