Եթե անձը կատարել է հանցագործություն ՀՀ տարածքում, ուստի քրեական պատասխանատվության պետք է ենթարկվի հենց Հայաստանում` Սահմանադրությամբ սահմանված կարգով: Armlur.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց իրավաբան Կարեն Թումանյանը` անդրադառնալով Գյումրիում տեղի ունեցած սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին ՀՀ-ում դատապարտելուն: «Տեղի է ունեցել երկու հանցագործություն` զինվորական և ընդհանուր: Երկու դեպքում էլ պետք է հաշվի առնվի այն հանգամանքը, որ հանցագործը բռնվել է հենց Հայաստանի տարածքում, այստեղ Ռուսաստանի Սահմանադրությունը մեջ բերելն անիմաստ է: Եթե հանցագործը սահմանն անցներ և հասներ Ռուսաստան, այնտեղից պահանջելը բացարձակ անիմաստ կլիներ»,- նշեց իրավաբանը: Վերջինս ասաց նաև, որ առկա են բոլոր ապացույցները, որ հանցագործությունը հենց Պերմյակովն է կատարել:
«Պետք է տանել հանցագործին դեպքի վայր, որպեսզի հենց այնտեղ նա ներկայացնի հանցագործության մանրամասները: Այդ ամենը պետք է իրականացվի ՀՀ տարածքում: Մեր իշխանություններն իրավիճակը պետք է ճիշտ բացատրեն Ռուսաստանին»,- նշեց Կարեն Թումանյանը: Վերջինս ասաց նաև, որ իրավական տեսանկյունից Պերմյակովին Հայաստանում դատապարտելը հնարավոր է: Նշենք, որ ՌԴ Սահմանադրւթյան 61 հոդվածը բացարձակ արգելք է դնում՝ հանձնելու ՌԴ քաղաքացուն որևէ այլ պետության, այդ թվում՝ ՀՀ-ին, անկախ երկու երկրների միջև առկա իրավապայմանագրային բազայից:
Իրավաբան Երեմ Սարգսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ՌԴ սահմանադրության 61-րդ հոդվածն այս դեպքի համար բացարձակապես կիրառելի չէ: «Սա այն դեպքը չէ, որ ՌԴ-ի իրավասության ներքո է գտնվում: Եթե հանցագործությունը կատարվել է Հայասատանի տարածքում, ապա հանցագործի ճակատագիրը պետք է որոշվի հենց ՀՀ-ում»,- նշեց Սարգսյանը: Հիշեցնենք, որ երեկ Գյումրիի դատախազության շենքի դիմաց հավաքված մեծ թվով ցուցարարներին դիմեց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը և նշեց, որ բոլորին մեկ հարց է հետաքրքրում, թե արդյոք ինքը դիմելու է ՌԴ դատախազին, որպեսզի հանցագործին ամբողջությամբ տրամադրեն Հայաստանին, թե ոչ:
«Ես հիմա որպես գլխավոր դատախազ տղամարդավարի ձեզ ասում եմ, որ ես 100 տոկոսով դիմել եմ նրանց: Եթե մերժեն, կքննարկենք մեր անելիքները», – նշել էր նա: